Հատկապես մտահոգիչ է ուսուցիչների էլեկտորալ վարքագիծը. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

«Կառավարող քաղաքական ուժի օգտին հանրահավաքներում և հանդիպումներում պետական կրթական, առողջապահական հիմնարկությունների, ՏԻՄ-երի ենթակա կառույցների աշխատակիցների զանգվածային մասնակցությունը աշխատանքային ժամերին վկայում է, որ այդ համակարգերը Հայաստանում հանրային ծառայության անկախ ինստիտուտներ չեն, այլ շարունակում են մնալ և դիտարկվել որպես էլեկտորալ կոնվեյերներ։

Եվ այս խնդիրը բարոյական կոչերով չի լուծվելու երբեք:

Ինձ համար, հատկապես, մտահոգիչ է ուսուցիչների էլեկտորալ վարքագիծը: Ազատ քաղաքացի կրթելու համար կրթողը պետք է ունենա ազատության ներքին զգացում։ Երբ համակարգը ճնշում է այդ ազատությունը, դպրոցը վերածվում է ոչ թե մտածողների դարբնոցի, այլ «հնազանդ կատարողների» արտադրամասի։ Իսկ այդպիսի դպրոցով ժողովրդավարական կայացած ու մրցունակ պետություն կառուցելն ուղղակի անհնար է»։