Մի օր Իսրայելն անպայման կբախվի Թուրքիայի հետ. Թուրք փորձագետ

Թուրքիայի Չորում քաղաքում «Ազգայնականություն և Պաղեստին» թեմայով անցկացված գիտաժողովում թուրք գրականագետ և բանախոս Ումիթ Շենգյունը հանդես է եկել Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններին առնչվող հայտարարություններով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Շենգյունն ընդգծել է, որ Թուրքիան պատմական, մշակութային և կրոնական խորը կապեր ունի Պաղեստինի ու Երուսաղեմի հետ, ապա հավելել. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիայի Հանրապետության տարածքներն են: Օրերից մի օր Իսրայելն անպայման բախվելու է Թուրքիայի հետ»։

Բանախոսը հիշեցրել է թուրք ծայրահեղ ազգայնական առաջնորդների դիրքորոշումները։ Մասնավորապես մեջբերել է իշխանության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ներկայիս ղեկավար Դևլեթ Բահչելիի խոսքերը. «Իսրայելը համաշխարհային իմպերիալիզմի վարձու մարդասպանն է»:

Ըստ Շենգյունի՝ թուրք ազգայնականները պարտավոր են լինել Պաղեստինի կողքին՝ ընդդեմ Իսրայելի։ Նա նաև պնդել է, որ Օսմանյան կայսրության անկումից հետո Իսրայելը պարբերաբար ընդլայնել է իր տարածքները, իսկ միջազգային կառույցները չեն կարողացել կանխել դա: