Չինաստանը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտության կարգավորման համար. Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության կարգավորման համար: Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, խաղաղության վերականգնման հույսը դեռևս գոյություն ունի, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը մշտապես ջանքեր է գործադրում ներկայիս հակամարտության կարգավորման համար: Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հանգուցային պահ են»,- Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ չինացի դիվանագետի խոսքերն է մեջբերել ՉԺՀ ԱԳՆ կայքը։

Վան Ին հստակեցրել է, որ հին տարաձայնությունները հարթել մեկ օրում չի հաջողվում, սակայն բանակցություններում յուրաքանչյուր քայլ առաջ ավելի մեծ հույս է տալիս խաղաղության համար։ Ինչպես նա նշել է, որքան շուտ ավարտվի հակամարտությունը, այնքան քիչ կլինեն զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում։

Չինաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կձգտեն կրակի դադարեցմանը և ռազմական գործողությունների ավարտին, կընդառաջեն միմյանց, որքան հնարավոր է շուտ խաղաղություն կվերադարձնեն Մերձավոր Արևելքին։ Նրա խոսքով՝ ՉԺՀ իշխանությունները կապեր են պահպանում հակամարտության հետ առնչություն ունեցող հիմնական կողմերի, տարածաշրջանային և միջազգային գլխավոր գործընկերների հետ։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարգել տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովել քաղաքացիական բնակչության և ոչ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ծովային ուղիների ու էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, միջուկային զենքի չտարածման համակարգի դրույթների պահպանումը»,- ընդգծել է Վան Ին։