Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս երկու ամիս (տեսանյութ)

Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս։ Դատավարության ժամանակ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունները նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։

Դատարանը նաև մեղմացրեց տնային կալանքի պայմանները` որոշելով, որ Արթուր Սարգսյանը կարող է հանդիպել ցանկացած անձի հետ` բացառությամբ «Սրբազան պայքարի» գործով անցնող մասնակիցների ու վկաների։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են, իբր թե իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու փորձի ձախողվելուց հետո՝ 2024-ի նոյեմբերից, Բագրատ սրբազանն ու շարժման մի շարք մասնակիցներ խմբով նախապատրաստվել են իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։