Մեզ բոլորիս էսօր խեղդում է ատելության գարշահոտ, վարարած գետը

Ու հոսում է ատելության պղտոր գետը, տղաներ և աղջիկներ տարբեր տարիքի։

Մտել եք մեջն ու գնում եք հետը` ցեխոտվելով, աղտոտվելով, տարածելով այդ վարակը մարդուց մարդ, սրտից սիրտ։ Նորից մահ սփռելով։

Ջահել, սիրուն մարդիկ, թույնի սրվակն առած` բացում եք մարդկանց ականջներն ու ներս կաթեցնում։ Պատմե՞մ, թե ինչ է լինում հետո։

Հետո լինում է այն, որ ջահել, քնքուշ արցախցի աղջկան տաքսու վարորդն ասում է` բոլորդ պիտի զոհվեիք, մնայիք էնտեղ։

Հետո լինում է այն, որ ջահել, բարակիրան արցախցի բանաստեղծուհուն, իր գրքի շնորհանդեսից հետո, մոտենում է առողջ հայաստանցի հաստափոր տղամարդն ու ասում` դու պիտի սատկեիր, ոչ թե գիրք գրեիր։

Էս դրվագները գիտե՞ք երբ են տեղի ունեցել։ Վերջին մի շաբաթվա ընթացքում։ Էս դրվագների ստեղծմանը ձեր մի մասը մասնակցել է ուղղակիորեն` ծափ տալով ատելության «մեսսիային» Հայաստանի բակերում ու փողոցներում։

Մյուս մասդ դրանց գեներացմանը մասնակցում է իր լռությամբ ու «հիբրիդային սպառնալիքի» դեմ երևութական պայքարով։ Բան եք գտել պայքարելու, հա՞, երբ ձեր բակում, ձեր լուսամուտի տակ ձեր հայրենակցի, ձեր հարազատի մահն են քարոզում։ 

Դուք, այո, մասնակից եք և հանցակից։ Դուք ծափ եք տալիս ու գլուխ տմբտմբացնում։ Դուք ձևացնում եք, թե չկա’ էդ մահաբեր ահռելի փիղը մեր փոքրիկ սենյակում, գնացել ինչ-որ հիբրիդային խղճուկ կենդանի եք բերել մեր աչքը մտցնում, երբ մեզ բոլորիս էսօր խեղդում է ատելության գարշահոտ, վարարած գետը։ Ո՞ւր է քշում, գիտե՞ք։ Պիտի իմանայիք, ախր, առաջին ջրհեղեղից դեռ երեք տարի էլ չի անցել։

Կներեք, բայց անհնար է ձեզ հասկանալը։ Շատերս ձևացրինք, թե չենք տեսնում ձեր մասնակցությունը Արցախի դեմ մահաբեր արշավին, մտածում էինք` մարդը սխալական է, հազար ու մի հարցեր կային իբր։ Բայց հիմա արդեն ամեն ինչ չափից դուրս է վտանգավոր։ Ու վաղը, երբ արդեն ուշ լինի, արդեն նշանակություն չի ունենալու, թե ո’վ էր մեղավոր։ Ու էսօրվա դերակատարները հենց է’դ հաշվարկով են ամեն ինչ անում։ 

Էմիլ Զոլան ասում էր` ես մեղադրում եմ, ու անուններ էր տալիս։

Էմիլ Զոլան հիմա դրա կարիքը չէր էլ ունենա, որովհետև ամեն ինչ բաց է կատարվում, ու հենց դուք եք բոլորդ տալիս ինքներդ ձեր անունները` զուգվելով կրծքանշաններով, ատելության ու մահվան սպառնալիքին ձեր բուռն ծափերով ու ուրիշի կրծքից հանած սրտերն օդ բարձրացնելով։ Հազարավոր սրտերը, որ էլ չկան։

Ի՜նչ ափսոս էր էս մայիսը, տրորվեց-գնաց վայրենության տակ։ Բնությունը փաստորեն լավ էլ զգում է կատարվողը, ամեն օր հուսահատ լվանում է մեր փողոցները։ Մտածում է` գոնե իր չափով կքշի վարակը։ Բնությունը մեզ զգում է, իսկ մենք նրան արդեն` ոչ։

 Երգահան-կատարող Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը