Լավրովից հետո Վոլոդինը նույնպես զգուշացրել է վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դառնագույն հետևանքների մասին

Երեկ գրել էինք , որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ զգուշացրել է Հայաստանին վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դառնագույն հետևանքների մասին:

Լավրովի հայտարարությունը դեռ բոլորովին թարմ էր, երբ նմանաբնույթ հայտարարությամբ հանդես է եկել նաև ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Դիվանագիտական վարքականոնը և այլ պետության ներքին գործերին չմիջամտելու հրամայականը, ինչպես պարոն Լավրովին, այնպես էլ Պետական դումայի նախագահին, իհարկե, թույլ չեն տվել հենց այդպես արտահայտվել՝ հիշատակելով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անուն-ազգանունը, և նշելով, որ Հայաստանը դառնագույն հետևանքների առջև է կանգնելու, եթե վարչապետի պաշտոնում վերստին հայտնվի Նիկոլը:

Փոխարենը, սակայն, ի գիտություն թե՛ Հայաստանի ղեկավարության, թե՛ մեր երկրի ողջ բնակչության, նրանք շատ հստակ ու բացեիբաց զգուշացրել են Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ-ից) Հայաստանի դուրս գալու և քաղաքական ուղեգիծը փոխելու դառնագույն հետևանքների մասին, ինչը բացառված է ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում ընդդիմության հիմնական ուժերի այս կամ այն թեկնածուի ընտրության դեպքում, սակայն անխուսափելի է լինելու ընտրակեղծիքներով և այլ ընտրախախտումներով խորհրդարանում ՔՊ-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածի (կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») մեծամասնություն ունենալու և վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դեպքում:

Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը չկրկնել Ուկրաինայի և Մերձբալթյան երկրների սխալները: Նրա խոսքով՝ միությունից դուրս գալը հանրապետությանը կարող է արժենալ համառախն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) 15-20 տոկոսի կորուստ, ինչպես նաև հանգեցնել հասարակության պառակտման: Ճշտենք չափազանց մեղմ արտահայտված պարոն Վոլոդինի այս հայտարարությունը՝ Նիկոլի և իր ոհմակի նպատակաուղղված քաղաքականության արդյունքում արդեն իսկ պառակտված հասարակության էլ ավելի պառակտման ու նույնիսկ քաղաքացիական պատերազմի…

Ինչ վերաբերվում է տարեկան ՀՆԱ-ի 15-20 տոկոսի կորստին, ապա այն այս պահին էլ սոցիալ- տնտեսական ծանր վիճակում գտնվող Հայաստանի բնակչության մեծամասնության համար կատարյալ աղետ կլինի, տնտեսական աղետ նաև պետության համար:

ՌԴ Պետական դումայի նախագահն իր տելեգրամյան ալիքում և «МАХ» հարթակում ծավալուն գրառում է կատարել՝ նվիրված Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին: Վոլոդինը ներկայացրել է տնտեսական ու քաղաքական փաստարկներ՝ Հայաստանի ղեկավարությանը կոչ անելով չկրկնել Ուկրաինայի և Մերձբալթյան երկրների սխալները:

 

Հայաստանի տնտեսական հաջողությունները ԵԱՏՄ-ում

Վոլոդինը հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է 2015-ին, անդամակցության 10 տարվա ընթացքում, ըստ նրա, հանրապետության ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ՝ 10,55 մլրդ դոլարից հասնելով 26,37 մլրդ դոլարի: Բացի իրացման հսկայական շուկա մուտքից, Հայաստանը ստացել է արտոնություններ էներգետիկայի ոլորտում:

«Մեր երկիրը Հայաստանին գազը վաճառում է հազար խմ-ի դիմաց 177,5 դոլարով,- գրել է Պետդումայի նախագահը:- Այս պահին Եվրոպայում հազար խմ-ի գինը 633 դոլար է»:

Պարոն Վոլոդինը սրանից պարզ էլ ինչպես հասկացնի, որ վարչապետի պաշտոնում Նիկոլի հայտնվելու և դեպի Եվրամիություն (ԵՄ) ընթացքի պատճառով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու կամ վռնդվելու դեպքում մեր երկրում գազի գինը մոտավորապես քառապատկվելու է: Ավելին. դա միակ խնդիրը չի լինելու…

Պետդումայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեպի ԵՄ Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2025թ. կտրուկ նվազել է (45,4 տոկոսով), ընդ որում,  բացասական միտումը պահպանվում է։ Ինչպես նշել է նա, Հայաստանում աշխատող և այնտեղ բիզնես կառուցող Ռուսաստանի քաղաքացիներն իրավիճակի անորոշության և ապագայում հնարավոր խնդիրների պատճառով սկսել են փակել ձեռնարկությունները և հեռանալ:

 

ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը

Փորձագետների գնահատականներով, որոնք մեջբերել է Վոլոդինը, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է նրա համար ՀՆԱ-ի 15-20 տոկոսի կորուստ արժենալ, ինչը կազմում է տարեկան առնվազն 5 մլրդ դոլար:

«Դա միայն այն է, ինչ մակերեսին. կորուստներն ավելի շատ կլինեն,- ընդգծել է Պետդումայի նախագահը։- Եվ նրանցից ոչ բոլորն են առնչվում ֆինանսների հետ»…

Վոլոդինը հայտարարել է, որ արդեն տեսանելի են պատմությունը վերաշարադրելու, ազգային և ավանդական հիմքերը խարխլելու փորձերը, ինչպես նաև եկեղեցու դեմ հալածանքները:

«Այս ամենը հանգեցնում է հասարակության պառակտման,- գրել է նա։- Եվ սա թերևս ամենամեծ կորուստն է, որ հնարավոր է Հայաստանում՝ միասնության կորուստ»:

Պետդումայի նախագահը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի 2014թ. իրադարձությունների, ինչպես նաև Մերձբալթյան երկրների հետ, որոնց երկրները ձգտում էին դառնալ Եվրամիության մաս, Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, դրանից, մեղմ ասած, ավելի երջանիկ չեն դարձել:

«Վերը ներկայացված թվերն ինքնին խոսուն են։ Ճանապարհի ընտրությունը, նախ և առաջ, ժողովրդի կամքի վրա հիմնված ընտրությունն է։ Ինչ պաշտոն էլ զբաղեցնի քաղաքական գործիչը, պետք է դրանով առաջնորդվի»,- եզրափակել է Վյաչեսլավ Վոլոդինը՝ սրանով, կարծում ենք, բավականին թափանցիկ ակնարկելով ընտրությունների արդյունքները կեղծելու և ժողովրդի, ընտրողների կամքին դեմ գնալու բացարձակ անթույլատրելիությունը:

Այսպիսով, ըստ նրա, Հայաստանի ընտրելիք ճանապարհը կամ փրկության ճանապարհը, նախ և առաջ, ժողովրդի կամքի վրա հիմնված ընտրությունն է, ինչը միաժամանակ նշանակում է ժողովրդի կամքի մանիպուլացման և ընտրությունների արդյունքների կեղծման անթույլատրելիություն:

 

Արթուր Հովհաննիսյան