Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային բարեփոխումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը այսօր Կառավարությունում հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ և քննարկել են ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատված «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեպի Հայաստան որակյալ ներդրումների հոսքի ինտենսիվացման կարևորությանը և երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման հարցերին: Փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ երկրում իրականացվող բարեփոխումների մշակման շրջանակներում գործարար համայնքի ներգրավվածության և նոր խթանների մշակման տեսանկյունից: