«Եղերական լուսաբաց»․ հիշողության և երախտագիտության միջոցառում Ոսկեպարի եղեռնագործության տարելիցին
1991 թվականի մայիսի 6-ի Ոսկեպարի ողբերգությունը մեր նորագույն պատմության այն էջերից է, որը յուրաքանչյուր աշակերտ պետք է իմանա՝ հասկանալու համար, թե ինչ գնով է ձեռք բերվել մեր երկրի անվտանգությունը։
Ոսկեպարի ողբերգական դեպքերի 35-րդ տարելիցի նախաշեմին Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանը նախաձեռնել է հիշողության և երախտագիտության յուրօրինակ միջոցառում. Իգնատ Մամյանի «Եղերական լուսաբաց» փաստավավերագրական գրքի օրինակները նվիրաբերվել են Նոյեմբերյանի դպրոցին և վարժարանին։
Այս գիրքը պարզապես գրականություն չէ, այն մեր տարածաշրջանի նորագույն պատմության ամենացավոտ, բայց նաև ամենաթանկ էջերի վկայությունն է։ Նպատակն է՝ աշակերտներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու իրենց հայրերի ու պապերի սխրանքին, ովքեր 1991 թվականի մայիսի 6-ի եղերական լուսաբացին անվեհեր կանգնեցին հայրենի հողի պաշտպանության դիրքերում։ Մեր պարտքն է դաստիարակել սերունդ, որը ճանաչում է իր հերոսներին և տեր է կանգնում սեփական պատմությանը։
Հիշում ենք, խոնարհվում ենք և փոխանցում հաջորդ սերնդին։

