Ոսկեպարի եղեռնագործությունից անցել է 35 տարի
1991 թվականի մայիսի 6-ի Ոսկեպարի եղեռնագործությունը մեր նորագույն պատմության ողբերգական էջերից է։
1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակում են Հայկական ԽՍՀ-ի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ։
Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերեվարվել ու տեղափոխվել Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարել և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնել նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, որոնք նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների են ենթարկվել։
Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծությունից զոհվել է նաև Ոսկեպար գյուղի 3 խաղաղ բնակիչ։
Հետագայում այս անմարդկային հանցագործության պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար Ռուսաստանի կողմից կազմակերպվել է հետաքննություն, Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ են անցկացվել, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չեն պատժվել, ինչպես չեն պատժվել նաև հայ ժողովրդի դեմ իրականացրած դրան նախորդած և հաջորդած բոլոր հանցագործությունների հեղինակները։
Ոսկեպարի կոտորածների ժամանակ Խորհրդային Միության 4-րդ բանակի ստորաբաժանումների և ադրբեջանական ՕՄՈՆ-ի կողմից սպանվածները․
- Ազիբեկյան Արմեն Վազգենի (նոյեմբերի 30, 1969 – մայիսի 6, 1991)
- Աղաբաբյան Վահրամ Հրանտի (ապրիլի 13, 1964 – մայիսի 6, 1991)
- Ամիրաղյան Աշոտ Սարիբեկի (հունիսի 1, 1956 – մայիսի 6, 1991)
- Ամիրաղյան Սպարտակ Նիկոլայի (մարտի 17, 1942 – մայիսի 6, 1991)
- Անանյան Սաշիկ Ռաֆիկի (մայիսի 6, 1950 – մայիսի 6, 1991)
- Անանյան Վաչիկ Ռուբենի (հոկտեմբերի 13, 1938 – մայիսի 6, 1991)
- Գիշյան Մարտիկ Հայկազի (մարտի 13, 1970 – մայիսի 6, 1991)
- Թամազյան Յուրա Ֆելիքսի (փետրվարի 12, 1969 – մայիսի 6, 1991)
- Խաչատրյան Լյովա Հակոբի (նոյեմբերի 13, 1963 – մայիսի 6, 1991)
- Հակոբյան Գեղամ Ֆահրադի (հուլիսի 19, 1956 – մայիսի 6, 1991)
- Հանիսյան Վարդան Հմայակի (հունվարի 3, 1958 – մայիսի 6, 1991)
- Ղարազյուլյան Ստեփան Սեպեյի (ապրիլի 19, 1963 – մայիսի 6, 1991)
- Մալինյան Հարություն Թորոսի (մայիսի 6, 1955 – մայիսի 4, 1991)
- Մամյան Արտաշ Վահանի (մարտի 5, 1962 – մայիսի 6, 1991)
- Մանթաշյան Սոս Ազալխանի (փետրվարի 10, 1964 – մայիսի 6, 1991)
- Մնացականյան Ռաֆիկ Վոլոդյայի (հունվարի 10, 1960 – մայիսի 6, 1991)
- Մուղդուսյան Սարգիս էլյազի (հունվարի 22, 1960 – մայիսի 6, 1991)
- Մուրադյան Միշա Հայկի (փետրվարի 23, 1963 – մայիսի 6, 1991)։
Ոստիկանության կայքում տեսանյութ կա (2016 թ․ մայիս 6) հրապարակված Ոսկեպարի դեպքերի մասին․

