Սպիտակ տանը զբաղված են Իրանով և չեն հիշում, թե երբ են քննարկել Ուկրաինան. Politico
Ամերիկացի պաշտոնյաներն արդեն չեն կարողանում հիշել, թե Սպիտակ տանը վերջին անգամ երբ է բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ԱՄՆ բանակցողները հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Politico թերթին։
«Իրանը միանշանակ դարձել է առաջնահերթություն»,- ասել է Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյա։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով ամերիկյան գլխավոր բանակցողները՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները, հիմնականում աշխատում են Իրանի ուղղությամբ։ Այնուամենայնիվ, որոշակի շփումներ ռուս և ուկրաինացի գործընկերների հետ շարունակվում են, գրում է Politico-ն։
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ Ուկրաինայի հարցով համագործակցության նկատմամբ նվազել է։ Դա պայմանավորված է նրանով, որ Թրամփը դժգոհ է եվրոպական դաշնակիցների հրաժարումից՝ միանալ Իրանին հասցվող հարվածներին։

