Արվեստի համաշխարհային օրը հիշեցնում ենք․ Արցախի արվեստը ոչնչացվում և յուրացվում է անպատիժ
Ապրիլի 15․ Արվեստի համաշխարհային օր
Այդ օրը, երբ աշխարհը խոսում է արվեստի արժեքի և միավորող ուժի մասին, մենք ստիպված ենք հիշեցնել․ այսօր Արցախի արվեստը նպատակաուղղված ոչնչացման և յուրացման զոհ է։
Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով 12 գեղարվեստական կատարողական կոլեկտիվներ հայտնվել են հայրենիքից դուրս։ Դրանց մի մասը կարողացել է շարունակել իր գործունեությունը Հայաստանում՝ պահպանելով ավանդույթները՝ միջավայրի կորստի պայմաններում։ Մյուսները դադարել են գոյություն ունենալ՝ դառնալով կորուստների հերթական օղակը։
Առնվազն 10 պատկերասրահներ և գեղարվեստական ստուդիաներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանց ֆոնդերը թալանվել են, յուրացվել կամ գտնվում են անմիջական ոչնչացման վտանգի տակ։ Խոսքը միայն շենքերի կամ ցուցանմուշների մասին չէ․ խոսքը ամբողջ ժողովրդի մշակութային հիշողության համակարգված վերացման մասին է։
Տեղի ունեցողը ունի մշակութային ցեղասպանության բոլոր հատկանիշները՝ որպես քաղաքականություն, որը միտված է ոչնչացնելու մշակութային ինքնությունը, հիշողությունն ու ժառանգությունը։ Ոչնչացվում են ոչ միայն նյութական արժեքները, այլև այն միջավայրը, որտեղ մշակույթը կարող է գոյություն ունենալ և փոխանցվել սերունդներին։
Մենք ստիպված ենք արձանագրել․
- Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատշաճ մակարդակով չեն բարձրացնում այս հարցերը,
- իսկ միջազգային հանրությունը շարունակում է լռել՝ փաստացի դառնալով տեղի ունեցողի համակիր։
Արվեստի համաշխարհային օրը չի կարող սահմանափակվել ձևական հայտարարություններով, երբ մի ամբողջ ժողովրդի արվեստը ոչնչացվում և յուրացվում է անպատիժ։
Արցախի արվեստն այսօր աքսորում է։
Բայց նրա հետ աքսորում են նաև ճշմարտությունը, հիշողությունն ու վերադարձի իրավունքը:

Լուսանկարում. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքի պատին պատկերված որմնանկար, որն ոչնչացվել է շենքի քանդման հետ հետեւանքով 2024թ. սեպտեմբերի 2-ին:
Հեղինակ՝ Առնոլդ Մելիքսեթյան
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն

