Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան էջում

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը տեղեկացնում է, որ կինոռեժիսոր, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը»  վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։

««Արգելված ֆիլմը» արդեն հասանելի է Հանրայինի յութուբյան պաշտոնական էջում։

Ինչու ենք հիմա տեղադրում

Դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որով արձանագրվեց, որ հեղինակը խախտել է Հանրային հեռուստաընկերության հեղինակային իրավունքները։ Ավելի վաղ հեղինակը խախտել էր նաև ֆիլմի հանձնման ժամկետները։

Արդյունքում, հիմա, երբ վերականգնվել են Հանրային հեռուստաընկերության իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որպեսզի բոլորը կարողանան գնահատել այն։

Այսքանով այս պատմությունը համարում եմ սպառված»,- գրել է Հովհաննես Մովսիսյանը։ 

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության պատվերով կինոռեժիսոր, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը 2020 թվականին ստեղծել էր «Անկախության մեր ճանապարհը»  վավերագրական ֆիլմը՝ ներկայացնելով 1988-1991 թվականներին ծավալված քաղաքական աննախադեպ պայքարը։ Սակայն այս տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներով նկարահանված ֆիլմն այդպես էլ չի հայտնվել էկրանին։ Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը դատարանով բացառել է ֆիլմի ցուցադրության որևէ ձևաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները։