Մի ընկեք «միասնական ընդդիմության» խոսույթի թակարդը. քաղաքական վերլուծաբան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխանն Սաղաթելյանը նախօրեին բարձրաձայնել է առաջարկ՝ ընդդիմության միասնական հանրահավաք անել՝ անկախ տարակարծություններից, և այդ հանրահավաքով զույց տալ իշխանության իրավաքաղաքական կամայականություննների դեմ հակազդեցություն: Այս մասին գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը․
«Կարծում եմ, որ այդքան էլ լավ գաղափար չէ: Եթե ընդդիմադիր ուժերը ունեն իշխանության իրավաքաղաքական կամայականություններին, ոչ իրավաչափ քայլերին, ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ քաղաքական մոտիվներով հետապնդումներին հակազդելու ուժ և կամք, ապա այդ ամենն արտահայտելու համար բոլորովին չկա հանրահավաքային դրսևորումների կարիք: Այդ կամքի և ուժի առկայությունը իշխանությունը ինչպես ասում են՝ անգամ բնազդով կզգա:
Հետևաբար, կարծում եմ պետք չէ ընկնել հանրահավաքային դրսևորումների «ավանդական փոսի» մեջ: Եվ առավել ևս, թերևս պետք չէ ընկնել «միասնական ընդդիմության» մասին «գաղափարական թակարդի» մեջ:
Ընդդիմադիր ուժերն այս փուլում ունեն մեկ գերակա անելիք՝ հետևողական աշխատանք հանրության հետ խոսակցության ուղղությամբ, հանրությանը նոր կյանքի, պետական նոր քաղաքականության, հասարակական նոր հարաբերությունների վերաբերյալ համոզիչ, փաստարկված առաջարկներ ներկայացնելու, նաև իշխանության քաղաքականության անարդյունավետությունը հանրամատչելի ներկայացնելու, ինչպես նաև «խաղաղության» մասին խոսակցությունների և պատերազմի մասին շանտաժի կեղծ լինելը պարզ բացատրելու ուղղությամբ:
Այս հետևողական աշխատանքն է ընդդիմության ուժերի գլխավոր անելիքը, յուրաքանչյուրը իր տիրույթում, յուրաքանչյուրը էլեկտորալ իր թիրախային շրջանակում: Այս աշխատանքի հետևողականությունն է իրական «միասնականությունը»: Միասնական ցուցադրումները չեն ունենալու ոչ մի առարկայական էֆեկտ, որովհետև հանրային կարծիքն ու տրամադրությունը բացարձակապես միատարր չէ: Մի ընկեք «միասնական ընդդիմության» խոսույթի թակարդը: Այդ մոդելը այն է, ինչը ստանալուն ձգտում է հենց կառավարող ուժը, որովհետև հենց ընդդիմության բոլոր ձվերը մի զամբյուղում դնելու շնորհիվ է, որ նա կարող է «կոտրել» առավելագույն չափով «ընդդիմադիր ձվեր»:
Եթե ընդդիմությունը ներկայանում է միասնական հանրահավաքով, ապա այն պետք է ունենա միանգամայն հետևողական, համակարգված, տրամաբանական, և ամենից էականը՝ աճող, որպես գործողություն հարաճուն շարունակություն:
Հակառակ պարագայում, այդ հանրահավաքը բումերանգի էֆեկտ է ունենալու հետագայում ընտրողների հետ առանձին-առանձին աշխատանքի համար: Իշխանության քարոզչությունը միասնական հանրահավաքը անմիջապես ծառայեցնելու է իր քարոզչության գլխավոր նարատիվներից մեկին, որ՝ բոլոր ընդդիմադիր ուժերը կամ առաջատարները, նույն բանն են և ընդամենը «նախկինների ռևանշի» հերթական մի փորձ են:
Հանրությունը շատ ավելի պատրաստ է գնահատել իրական պատկերի վրա հիմնված հետևողական աշխատանքը, քան ցուցադրությունները մի բանի, որը չունի գործնական և խորքային ամուր հիմք: Իսկ այդ հիմքը չկա, և պետք չէ՝ թե իրար խաբել, թե խաբել հանրությանը, կամա, թե ակամա:
Ընդ որում, մեծ հարց է՝ վա՞տ է, որ չկա այդ հիմքը, թե՞ լավ: Կա իրողություն, որի վրա հիմնված էլ պետք է աշխատել: Ավելին, թերևս՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ աշխատել, որովհետև ընդդիմության ուժերը կարծես թե աշխատում են հենց այդ տրամաբանությամբ: Պետք չէ շեղվել դրանից, պետք է պարզապես ամեն հաջորդ օր փորձել բարձրացնել դրա արդյունավետությունը»:

