Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան

Ալավերդի համայնքի նախին ղեկավար Արկադի Թամազյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այսօր ապրում ենք այնպիսի իրավիճակում, երբ լռելն ու անտարբեր լինելը հավասարազոր են ինքնակամ պարտության և ոչնչացման։

Այս պատասխանատու և վճռորոշ ժամանակաշրջանում գիտակցելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ցանկանում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին։

Իմ այս քայլը թելադրված է բացառապես հայրենիքին ծառայելու և մեր պետականության հիմքերն ամրապնդելու անկեղծ մղումով։

Մեր վերածնունդը հնարավոր է միայն ազգային արժեքների՝ գլխավորապես Մայր Եկեղեցու և Հայոց Բանակի շուրջ համախմբվելով։ Սրանք այն արժեհամակարգային հենասյուներն են, որոնք պահել ու պահպանել են մեզ, և այսօր էլ պետք է դառնան մեր հզորացման հիմնաքարը։ Առանց հոգևոր արժեքների և առանց մարտունակ բանակի՝ մենք չենք կարող ունենալ արժանապատիվ ապագա։

Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Մարդ, ում գործունեությունը՝ եկեղեցաշինությունից մինչև տնտեսական հսկայածավալ ծրագրեր, ուղղված են միայն մեկ նպատակի՝ հայրենիքի հզորացմանը։ Սա պրագմատիկ, գործող և հայրենասեր մարդկանց միավորում է, որին ես միանում եմ մեծ վստահությամբ։

Սա պայքար է հանուն մեր տեսակի, հանուն մեր հավատքի և հանուն մեր զավակների անվտանգ ապագայի։

Փոփոխությունը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ, այլևս թույլ չենք լինելու։

Միասնական և ամուր կամքով՝ դեպի Ուժեղ Հայաստա՛ն»։