Արաքսի նոր արցունքները. 2006-ի այս օրը Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը (տեսանյութ)
2006 թվականի փետրվարի 16-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը:
Ադրբեջանը իր առջև խնդիր էր դրել վերացնել այն բոլոր ապացույցներն ու փաստերը, որոնք կարող են վկայել Նախիջևանում տարածքների հայկականության մասին:
1990-ական թվականների վերջերին՝ Նախիջևանի վերջնական հայաթափումից հետո, ադրբեջանական կողմն իր առջև խնդիր էր դրել վերացնել այն բոլոր ապացույցներն ու փաստերը, որոնք կարող են վկայել այդ տարածքների հայկականության մասին: Խաչքարերը, որոնք հայ մշակութային ժառանգության կարևոր կոթողներ են, դարձան Ադրբեջանի հայատյաց քաղաքականության թիրախը: Նախիջևանում վանդալիզմի ենթարկվեց Ջուղայի քաղաքային գերեզմանատունը, որը մեզ հասած և խաչքարերով հարուստ հայկական ամենամեծ գերեզմանատունն էր:

Հայկական Ջուղան
Ջուղա քաղաքը, ըստ ավանդույթի, հիմնադրել է լեգենդար հայկական թագավոր Տիգրան Ա Երվանդյանը։ Նա գտնվում էր Նախիջևանի մոտ, հայաբնակ հողերի կենտրոնում, որոնք տարածվում էին Քուր գետից մինչև Եփրատի և Տիգրիսի վերին հոսանքները։
Ընդհուպ մինչև 1604 թվականը Ջուղան պահպանում էր իր առավելապես և նույնիսկ բացառիկ հայկական բնույթը։ Քաղաքի ծաղկումը ընկնում է 16-րդ դարի շրջանին, երբ որ նա դարձել էր միջազգային առևրտի կենտրոն, առավելապես մետաքսի։ Այդ ժամանակ քաղաքում կար 3 հազար տուն և 7 եկեղեցի։ 1603 թվականին բնակիչները ապշեցրել են պարսկական Աբաս Ա շահին իրենց տների ճոխությամբ, երբ որ նա վերցրեց այդ տարածքները թուրքերից։

Պարսից Շահ Աբբասի կողմից կազմակերպված հայերի բռնագաղթից (1604թ.) հետո՝ 1648 թ., ֆրանսիացի ճանապարհորդ Ալեքսանդր դը Ռոդեսը, անցնելով Ջուղայով, արձանագրել էր կանգուն մնացած շուրջ 10000 խաչքար, իսկ 1915 թ. լուսանկարիչ Արամ Վրույրի, իսկ 1928-29 թթ. Ս. Տեր-Ավետիսյանի հաշվումներով` մինչև 3000 խաչքարեր: 1971 թ. տվյալներով` այստեղ մնացել էր միայն՝ 2707-ը Ահա այս մնացած խաչքարերն էին, որոնք ադրբեջանական իշխանությունների կողմից հետագայում ամբողջությամբ ոչնչացվեցին:

Ջուղայի խաչքարերի ոչնչացումը
1998 թվականին Թեհրանից ստացվում են ճարտարապետներ Ա․Պետրոսյանի, Վ․Առաքելյանի, Էդ․Զոհրաբյանի, Վ․Շահմիրզայանի ստորագրությամբ նամակն ու լուսանկարներն այն մասին, որ ադրբեջանցիները, համապատասխան տեխնիկայով, քանդում են Ջուղայի հին գերեզմանատունը: Դրան են անդրադարձել նաև Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության հաստատության պաշտոնյաները։ Սակայն Հայաստանի ու Սփյուռքի բողոքի ալիքի արդյունքում ՄԱԿ-ի Հուշարձանների պաշտպանության հանձնաժողովի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությամբ հաջողվեց կասեցնել Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը։ Բայց, մինչ այդ, ավերվել էր գերեզմանատան շուրջ 10-15 տոկոսը։

2005 թվականի դեկտեմբերի սկզբին Իրանում հայ հոգևորական Նշան Թոփուզյանը շատ մտահոգիչ լուրեր է ստացել իրանցի սահմանապահներից՝ նրանք հայտնել են, որ ջարդարարների մի խումբ է եկել Արաքսի մյուս ափին ընկած Ջուղայի հայկական գերեզմանոց ու ջարդում է խաչքարերը։
Նշան Թոփուզյանը հասել է սահման և կարողացել է նկարահանել հայկական պատմական հուշարձանների ոչնչացման վերջին գործողությունները, որն իր ծավալով ու իրականացման ձևով աննախադեպ էր։ Զինվորական հագուստներով ջոկատը մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր խաչքարեր է ջարդել ու փշուրները լցրել Արաքսը։ Իսպառ ոչնչացվել է հայկական մշակույթի հետքը։

Չնայած խաչքարերի ոչնչացման փաստագրված բազմաթիվ վավերագրությունների, Ադրբեջանի պաշտոնատար անձինք կամ հերքում էին, թե դրանք գոյություն են ունեցել, կամ ասում, թե գերեզմանոցը հայկական չէր։
Միջազգային արձագանքը
Երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը` ԻԿՕՄՕՍ-ը, պահանջեցին դադարեցնել Ջուղայում մշակութային հուշարձանների ոչնչացումը, ադրբեջանական կողմը, չնայած բազում անհերքելի ապացույցների, հայտարարեց, որ չի ընդունում այդ մեղադրանքները` նշելով, որ հայերը երբեք չեն ապրել այդ տարածքներում:
Այս վանդալիզմը շարունակվեց նաև 2002-2003 թթ․ և ամբողջովին ավարտին հասցվեց 2005 թ.։
2006 թ. հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը դատապարտեց Ջուղայի խաչքարերի ոչնչացումն ու ընդունած բանաձևով կոչ արեց ադրբեջանական իշխանություններին վերջ դնել խաչքարերի ոչնչացմանը: ԵԽ-ն ցանկանում էր նաև պատվիրակություն ուղարկել Ջուղա, ինչը ﬔրժվեց Ադրբեջանի կառավարության կողﬕց, իսկ 2008 թվականին ԻԿՕՄՈՍ-ը բանաձև ընդունեց Ջուղայի պատմական գերեզմանատան ավերման մասին։
Չնայած ադրբեջանական կողմի ժխտմանը` 2006 թ. գարնանը Պատերազմի և խաղաղության ինստիտուտի լրագրող, ծագումով ադրբեջանցի Իդրակ Աբասովն այցելում է գերեզմանոց և արձանագրում, որ այն «ամբողջությամբ անհետացել է»:
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով արված ուսումնասիրություն-ները թույլ են տալիս ենթադրել, որ խաչքարերը տեղափոխվել են հողը փորող հատուկ սարքերի միջոցով, իսկ հետո հողի այդ հատվածները հարթեցվել են:
The Guardian-ը պատմել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին
The Guardian հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է՝ ինչպես է Ադրբեջանը փորձում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ ներառյալ տասնյակ հազարավոր քարե կտավերի ավերումը, որոնք պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
«Զեկույցի հեղինակներ Սիմոն Մաղաքյանի և Սարա Փիքման կարծիքով՝ այս պաշտոնական, սակայն և քողարկված, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացումը գերազանցում է անգամ Պալմիրայում «Իսլամական պետության» «ինքնագովազդին»,- գրում է The Guardian-ը:
Զեկույցի համահեղինակներից մեկը՝ Սիմոն Մաղաքյանը, վերլուծաբան, ակտիվիստ և քաղաքական գիտությունների դասախոս է Դենվերից, պիտակավորում է այն որպես «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունը»: Նա մեծացել է իր հոր մասին պատմություններով, ով այցելել է Ջուղա անվանմամբ գեղեցիկ և զարմանահրաշ վայր:
Պարբերականը հիշեցնում է, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Հյուսիսային Իրանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում այն ամենն, ինչ մնացել էր Ջուլֆայում առկա շուրջ 10000 խաչքարերից:
«Զինվորականներն ավերված կտորները բեռնել էին բեռնատարի մեջ, ապա նետել Արաքս գետը: Այդ կադրերը կարելի է գտնել 2006թ. «Արաքսի նոր արցունքները» ֆիլմում, որը հրապարակվել է YouTube-ում: Ադրբեջանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ մերժել է միջազգային փորձագետներին մուտք գործել այդ տարածք, նաև չի տվել որևիցե մեկնաբանություն: Նրանք մերժել են նաև հայերին, ովքեր երբևէ ապրել են Նախիջևանում»,- հավելում է պարբերականն՝ ընգծելով, որ նման հակազդեցությունը բարդացնում է անկախ հետազոտությունը, սակայն Մաղաքյանն ու Փիքմանն, իրենց ներկայացրած մեծ քանակությամբ փաստերով, արդեն ահռելի աշխատանք են կատարում:
Այսպիսով` 1998-2006 թվականների ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրին Ջուղայի հայկական գերեզմանոցը, որն Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի։ Քրեական և միջազգային իրավունքի մասնագետ Ռաֆայել Լեմկինն իր` «Առանցքի տերությունների կառավարումը օկուպացված Եվրոպայում» աշխատության մեջ «ցեղասպանություն» է որակում ոչ միայն էթնիկ կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումը, այլև` նրա ազգային, հոգևոր մշակույթի ոչնչացումը։

