ՀՀ-ն թույլ ղեկավար ունի, կռացած բարեկամությունը խաղաղություն չէ․ Սամվել Կարապետյանի ուղերձը բանտից

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից:

«Մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և նոր առաջնորդություն, պատճառը պարզ է։ Մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք և այն հենց մենք կարող ենք իրականություն դարձնել։ Մենք ձևավորում ենք ուժեղ թիմ, և այդ թիմը բաղկացած է լինելու պրոֆեսիոնալներից, Հայաստանի նվիրյալներից, արդար ու մեծ նպատակների շուրջ ազնվորեն ու անշահախնդիր համախմբվողներից։ Բազմիցս ասել եմ, որ մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է։ Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ, հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։ Այո՛, այո՛, ժողովուրդ ջան, այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն։ 

Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա։ Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Հետևաբար մենք հենց այդպես ենք անելու։ Ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով մեր օգտին։ Արդարությունն է յուրաքանչյուր հայ երազանքը, ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ սա միանշանակ հնարավոր է, անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, կոռուպցիոն, ուժային բեսպրեդելը։ Մեր հայրենակիցների ուզածը,դա է։ Ասում եմ դա միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին։ 

Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, մեր պայքարը բարդ է ու լցված է բազմաթիվ զրկանքներով։Բայց ինչպե՞ս կարող է որևէ հալածանք կանգնեցնել մեզ, եթե մեր նպատակը Հայաստանի Հանրապետության, մեր տարեցների, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցիկ ու ապահով ապագան է։ Ուրեմն, առանց որևէ դադարի։ Վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր՝ 2026 թ, որը պետք է հայ ժողովրդի վերածննդի սկիզբը դառնա, հաղթելու ենք մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան»։