Ուկրաինան այլընտրանք չունի. մի քանի ամսից կապիտուլյացիան անխուսափելի կդառնա. Սուրեն Սուրենյանց

«Վերջին արտահոսքերը վկայում են, որ ԱՄՆ-ի «28 կետանոց» խաղաղության նախագիծը Ուկրաինային առաջարկում է ամերիկյան անվտանգության երաշխիքներ, սակայն դրա դիմաց նրանից պահանջում է ծանր և զգայուն զիջումներ»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Ժնևում կայացած բանակցություններին։

«Հրապարակված տվյալներով ծրագիրը ներառում է 

  • Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի դե ֆակտո ռուսական կարգավիճակի ընդունում, 
  • Խերսոնի և Զապորոժիեի շփման գծի սառեցում և որոշ հատվածների ապառազմականացում, 
  • Ուկրաինայի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցությունից և զինուժի կրճատում, 
  • Արևմուտքի կողմից վերակառուցման լայնածավալ աջակցություն, այդ թվում՝ ռուսական սառեցված ակտիվների ներգրավմամբ, 
  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային մեղմացում՝ համաձայնագրի իրականացման փոխկապակցմամբ։ 

Վաշինգտոնը կառուցում է խաղաղության մի մոդել, որտեղ ամերիկյան անվտանգության ներգրավվածությունը փոխհատուցվում է Ուկրաինայի տարածքային, ռազմական և արտաքին քաղաքական սահմանափակումներով։ 

Ժնևում ժամեր առաջ ավարտված ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների մասին պաշտոնական հայտարարությունն ընդգծում է «կառուցողական մթնոլորտը», «զգալի առաջընթացը» և «հաջորդ քայլերի հստակեցումը», սակայն լռում է ծրագրի բովանդակության ամենակարևոր կետերի վերաբերյալ։

Այս հանգամանքը ցույց է տալիս 

ա) ամենազգայուն դրույթները դեռևս չեն համաձայնեցվել, 

բ) բանակցությունները տեղափոխվել են գաղտնիության և վերահսկվող տեղեկատվական դաշտ։ 

Ժնևի հայտարարությունն ավելի շատ արձանագրում է գործընթացը, քան բացահայտում իրական քննարկումները։ 

Եվրոպական երկրների մեծ մասը նախաձեռնությունը գնահատում է զգուշությամբ, քանի որ այն դիտվում է որպես 

  • Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների դե ֆակտո օրինականացում, 
  • Ուկրաինայի պաշտպանունակության թուլացում, 
  • միջազգային իրավունքի համար նախադեպ է դարձնում ուժի միջոցով սահմանների փոփոխության լեգիտիմացումը: 
  • շեշտը դրվում է ԱՄՆ-Ռուսաստան համաձայնությունների վրա՝ ԵՄ-ին ու նրա լիբերալ- գլոբալիստական էլիտաներին թողնելով «խաղից դուրս» վիճակում: 

Ուկրաինայում նույնպես իրավիճակը բարդ է: 

Ցանկացած տարածքային զիջում կարող է առաջացնել լուրջ ներքաղաքական ճգնաժամ, քանի որ հասարակական տրամադրություններն ակնհայտորեն հակված չեն ընդունելու խաղաղություն՝ տարածքային կորուստների գնով։ 

Արդյունքում իշխանությունը կանգնած է պատերազմի շարունակման սահմանափակ ռեսուրսների և խաղաղության բարձր գնի միջև։ 

Ուկրաինան, մեծ հաշվով, այլընտրանք չունի մի քանի ամիս անց երկիրը կարող է կանգնել առավել կոշտ լուծման, կապիտուլյացիայի վտանգի առաջ»,-գրում է նա։