ԱՄՆ կառավարությունը հավանություն է տվել գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելուն. Bloomberg

Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը: Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մասն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը:

«Ջանքերը, որոնց մասին Nvidia-ն հայտարարել էր դեռ հունիսին, թույլ կտան ստեղծել տարածաշրջանում ԱԲ տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ կենտրոնը: 100 մեգավատ հզորությամբ օբյեկտը, որի սկզբնական ներդրումների ծավալը կկազմի 500 մլն ԱՄՆ դոլար, օգտագործելու է Dell Technologies ընկերության ԱԲ սերվերներ ու Nvidia-ի Blackwell պրոցեսորներ: Առաջին փուլի մեկնարկը նախատեսված է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին: Այս մասին հայտնել է Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը», – գրում է Bloomberg-ը: