Իրանը արծաթով է ցողում ամպերը՝ երաշտը հաղթահարելու համար

Իրանը ինքնաթիռներից արծաթ է ցողում ամպերի մեջ՝ փորձելով հաղթահարել վերջին 50 տարվա ընթացքում ամենասարսափելի երաշտը։

Իրանի իշխանությունները սկսել են Ուրմիա լճի ավազանի ամպերի վրա քիմիական նյութեր ցողելով՝ տեղումներ առաջացնել տասնամյակների ընթացքում երկիրը հարվածած ամենածանր և երկարատև երաշտի դեմ պայքարելու համար։

Իրանի ամենամեծ լիճը՝ Ուրմիան գրեթե ամբողջությամբ չորացել է՝ թողնելով աղի հսկայական շերտ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անցած շաբաթ զգուշացրել էր, որ եթե մոտ ապագայում բավարար տեղումներ չլինեն՝ Թեհրանի ջրամատակարարումը կարող է սահմանափակվել և մայրաքաղաքի բնակիչները կարող են անգամ տարհանվել։

«Ամպերի ցողումը» ենթադրում է քիմիական աղերի (օրինակ՝ արծաթի կամ կալիումի յոդիդ) ներարկում ամպերի մեջ՝ ինքնաթիռների կամ գետնի վրա տեղադրված գեներատորների միջոցով։ Այս նյութերը նպաստում են ջրային գոլորշու խտացմանը և տեղումների առաջացմանը։ Տեխնոլոգիան կիրառվում է արդեն տասնամյակներ շարունակ. օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները ակտիվորեն օգտագործում են այն՝ ջրի պակասի դեմ պայքարելու համար։

Իրանի օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ այս տարի տեղումները նվազել են 89%-ով՝ համեմատած երկարաժամկետ միջին ցուցանիշի հետ։ «Մենք ներկայումս ապրում ենք վերջին 50 տարվա ընթացքում ամենաչոր աշունը», – նշել է գործակալությունը։