Գնիշիկ-Մոզրով բնակավայրերի տարածքում ապօրինի հրազեններով որս են կատարել․ կան ձերբակալվածներ

Հոկտեմբերի 29-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվել է հավաստի տեղեկություն, որ երեք տղամարդ Գնիշիկ-Մոզրով բնակավայրերի տարածքում ապօրինի հրազեններով որս են կատարում:

Նույն օրը` ժամը 19-ի սահմաններում, նրանց ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում: Նկատելով ոստիկանության ծառայողներին` երկու հոգի իջել են ավտոմեքենայից, մեկը նետել է որսը` բեզոարյան այծի մարմին ու կաքավներ, մյուսը նետել է որսորդական երկու հրացան:

Քարագլուխ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, իսկ նրա 36-ամյա համագյուղացին ու Եղեգնաձորի 49-ամյա բնակիչը ավտոմեքենայով դիմել են փախուստի: Մոտ 500 մետր հեռավորության վրա եղեգնաձորցին նույնպես ձերբակալվել է, իսկ 36-ամյա տղամարդը ոտքով դիմել է փախուստի:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։ Ձերբակալված եղեգնաձորցին հայտնել է, թե ողորկափող հրացանն իրենն է, իսկ ակոսափողը` Արփի գյուղի մի բնակչի, և հենց այդ զենքով էլ ինքը որսացել է բեզոարյան այծ:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոյեմբերի 3-ին նախաքննական մարմին է ներկայացել նաև փախուստի դիմած 36-ամյա տղամարդը:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: