Ընդդիմությունն իր փաստարկներով տեղեկատվական դաշտում պարտվում է իշխանության պարզունակ մանիպուլյացիաներին
Տեղեկատվական դաշտում` ընդդիմությունն իր ունեցած համոզիչ փաստարկներով հանդերձ, լինելով բացահայտ շահեկան վիճակում, պարտվում է խոցելի իշխանությունների պարզունակ մանիպուլյացիաներին…
Չնայած այն բանին, որ իշխանությունները շատ խոցելի են ու իրենց գոյության յոթ տարիների ընթացքում ապացուցել են իրենց անազնիվ ու ապազգային առաքելությունն ու ապաշնորհ լինելը բոլոր ոլորտներում և անկաշկանդ ու բացահայտ կերպով սպասարկում են անգլոսաքսոնաթուրքական ու ադրբեջանական շահը, այնուամենայնիվ դրանով հանդերձ ընդդիմադիր քաղաքական, կուսակցական, մտավորական և փորձագիտական շրջանակներին դեռևս չի հաջողվում լիովին մերկացնել ու բացահայտել իշխանությունների ողջ իրական առաքելությունը, էությունը և ապազգային բնույթը ժողովրդի աչքում։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների, փորձագետների, վերլուծաբանների, կուսակցական գործիչների, մտավորականների գերակշռող մասն էլ առավելապես զբաղված է իշխանությունների հասցեին հայհոյախառն պոպուլիստական ու սուր քննադատություններով։ Որպես կանոն, ընդդիմադիր լրատվամիջոցներում հարցազրույց են տալիս կամ ելույթներ են ունենում հիմնականում նույն դեմքերը, քիչ են տարբեր ոլորտներում առկա սուր խնդիրների և իշխանությունների ապօրինությունների ու չարաշահումների վերաբերյալ բովանդակային ու հիմնավորված մասնագիտական, բացահայտող վերլուծությունները։ Շատ քիչ են կենդանի հանդիպումների միջոցով տարվող բացատրական աշխատանքները բնակչության հետ և առաջին հերթին` մարզերի բնակչության։ Ըստ էության կուսակցությունները նրանց առավելապես հիշում են հինգ տարին մեկ` ընտրությունից-ընտրություն, և կարծես թե իրենց համար ժողովուրդը ծառայում է որպես մեկ անգամյա օգտագործման ընտրազանված։ Գյուղական շրջանները, գյուղացիները, որոնք են նախևառաջ կանգնած պետականության ակունքներում, մատնված են անտարբերության ոչ միայն իշխանությունների, այլև կուսակցությունների ու մտավորականության կողմից։ Կուսակցությունները, մտավորականներն ու վերլուծաբաններն էլ տեղեկատվական դաշտում գործում են պառակտված, տարերայնորեն, չհամաձայնեցված, անհամարձակ, ոչ ներդաշնակ ու չհամակարգված։ Յուրաքանչյուր կուսակցություն ձգտում է մնացածից առավել ժողովրդական ու ազգի աչքում առավել մտահոգված ու նվիրյալ երևալ։ Արդյունքը լինում է այն, որ երկիրը կործանման եզրին հասցնելուց, այսքան կորուստներից ու փորձություններից հետո անգամ իշխանությունները դեռևս շարունակում են անհասկանալիորեն հանրային զգալի աջակցություն վայելել։ Դեռ այսքանից հետո նույնիսկ 2026թ. ընտրություններում հաղթելու մասին են մտածում։ Սա ընդդիմադիր դաշտի խայտառակությունն է, նրա խղճուկ վիճակի ու անկազմակերպ գործունեության մասին է խոսում։ Այդ այն դեպքում, երբ ընդդիմությունն ունենալով մտավոր ավելի մեծ ներուժ, այսպիսի խոցելի իշխանություն, պարտվում է տեղեկատվական դաշտում։
Հայաստանի իշխանություններն էլ մի շատ մեծ առավելություն ունեն իշխանությանը հավերժ մնալու համար, դա անվճռական, անհետևողական ու պայքարելու ոգի, վճռականություն ու բավարար կամք չունեցող հարմար ընդդիմությունն է։ Տպավորություն է ստեղծվում, թե խորհրդարանական ընդդիմությունն իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու և ժողովրդի աչքում արմատական ընդդիմություն երևալու համար կառավարությանը «բարդ» ու «նյարդայնացնող» հարցադրումներ է անում ու ԱԺ -ում անհասկանալի շոուներ ու թատերական ներկայացումներ է ցուցադրում, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ընդամենը քաղաքական դաշտն զբաղեցնելու խնդիր է լուծում, դրանով իսկ կամա թե ակամա ապահովելով այս իշխանությունների գոյությունն ու վերարտադրությունը։
Իսկ ընդդիմադիր փորձագիտական, մտավորական հանրությունը, լրատվամիջոցները, քաղաքական գործիչներն ու կուսակցությունները տեղեկատվական դաշտում իշխանություններին չպարտվելու և ժողովրդի վստահությունը շահելու համար պետք է մարդկանց հետ ավելի անկեղծ լինեն, ավելի ակտիվ, համակարգված, համարձակ, նվիրված, փոխհամաձայնեցված ու արդյունավետ գործեն։ Իսկ քաղաքական, տնտեսական ու արժեհամակարգային հեղափոխությունները` արմատական, սահմանադրական ճանապարհով վերափոխումները, գաղափարների ու սկզբունքների վճռական պայքար ու կամք են ենթադրում։ «Հեղափոխությունը վարդերի անկողին չէ։ Հեղափոխությունը պայքար է ապագայի և անցյալի միջև». գրել է աշխարհահռչակ, լեգենդար հեղափոխական Ֆիդել Կաստրոն։

