Սկևռայի մասնատուփի գտնվելու վայրը մոտ 5 դար անհայտ է եղել

Կիլիկյան Հայաստանի նվիրական մասնատուփում ամփոփված են 20-ից ավելի համաքրիստոնեական և հայազգի սրբերի՝ Պողոս, Պետրոս, Թադեոս, Բարդուղեմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի, Հովհան Ոսկեբերանի, Նիկողայոս Սքանչելագործի, Բարսեղ Կեսարացու,Գրիգոր Աստվածաբանի մասունքները։

1283 թվականին եպիսկոպոս Կոստանդին Պահեսնացին փնտրում և հավաքում է սրբերի մասունքները, որոնց համար Կիլիկիայի Հեթում թագավորի հրամանով 1293 թ-ին պատրաստվում է եռափեղկ պահարան ՝ մասնատուփ։ Փայտակերտ հիմնամասը պատված է արծաթե ոսկեզօծ բարակ թիթեղներով՝ 63 սմ երկարությամբ։ Մասնատուփի աջ և ձախ թերթերի յուրաքանչյուր կողմում ներկայացված են առաքյալների, մարգարեների և եկեղեցու հայրերի պատկերները։ Արտաքին դռների գլխավոր պատկերն է ՍԿույսի Ավետումը, վերևում՝ ՍՀովհաննես է, ներքում՝ ՍԴավիթը։

Մասնատուփի գտնվելու վայրը մոտ 5 դար անհայտ է եղել։ Ըստ պատմական աղբյուրների՝ երբ Սկևռա վանքն այլևս չի գործել, մասունքարանն անհայտ ճանապարհներով հայտնվել է Եվրոպայում։1880 թ-ին ռուս դիվանագետ, կոլեկցիոներ Ալեքսանդր Բազիլևսկին այն գնել է իտալացի մի հնավաճառից։ 5 տարի անց Ալեքսանդր 3-րդ կայսրը մասնատուփը գնում է Սանկտ Պետերբուրգի Կայսերական Էրմիտաժի համար։

2000 թվականին Եզրաս վարդապետ Ներսիսյանի (այժմ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ) ջանքերով, Սանկտ Պետերբուրգի ՍԿատարինե եկեղեցու վերաօծման առիթով հայ և ռուս Եկեղեցիների առաջնորդներ Գարեգին 2-րդի և երջանկահիշատակ Ալեքսի 2-րդի ներկայությամբ, սրբությունը փոխանցվում է Հայ Եկեղեցուն։ Այժմ այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և ամեն տարի Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի առիթով դուրս է բերվում հավատացյալների երկրպագության համար։

 Վահրամ Ավագ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից