Թուրքիան և Ուկրաինան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի քարտուղար Ռուստեմ Ումերովը հանդիպել է Կիևում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Լևենտի հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«Facebook»-ում կատարած հրապարակմամբ՝ Ումերովը տեղեկացրել է, որ Լևենտի հետ քննարկել են անվտանգության, ռազմական տեխնոլոգիաների և հումանիտար օգնության ոլորտներում կոորդինացմանը վերաբերող հարցերն ու համագործակցությունը: Բացի այդ, վերջինս կարևորել է Թուրքիայի դերը գերիների ազատ արձակման, հումանիտար ծրագրերի աջակցման և Սևծովյան տարածաշրջանում կայունության վերականգման հարցում:
«Ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնում Թուրքիայի՝ Ուկրաինայի ինքնիշխանության վճռական աջակցության, Ղրիմի հարցում ունեցած հստակ դիրքորոշման և Ուկրաինայի ժողովրդին տրամադրած օգնության համար»,-նշվել է գրառման մեջ:
Ումերովը շնորհավորել է նաև Թուրքիային Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ՝ մաղթելով թուրք ժողովրդին խաղաղություն, բարօրություն և հաջողություն:

 
			
