Ալիևի մեսիջը Փաշինյանին․ Բաքվի շանտաժը խաղաղության քողի տակ

Ադրբեջանական Caliber.Az-ը պորտալը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։

Աղբյուրի ձևակերպմամբ՝

«Բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին»։

Caliber.Az-ը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես Բաքվի իշխանական քարոզչության խոսափող, և նման հրապարակումները սովորաբար արտացոլում են հենց Ալիևի վարչակազմի պաշտոնական տրամադրությունները։

Այստեղ ուղերձը հստակ է Բաքուն չի համարում խաղաղությունը կայացած և ակնարկում է, որ Փաշինյանը դեռ «տնային աշխատանք» ունի կատարելու՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։

Մինչ Փաշինյանը ներսում և դրսում ներկայացնում է «հաստատված խաղաղության» պատրանքը, Բաքուն շեշտում է, որ «առանց իրավական հիմքի խաղաղության մասին խոսելն ինքնին ստեղծում է կեղծ տպավորություն գործընթացի ավարտվածության մասին»։

Սա ոչ թե դիվանագիտական զգուշավորություն է, այլ՝ քաղաքական շանտաժ, որի նպատակն է պարտադրել Երևանին՝ ընդունել Բաքվի թելադրած պայմանները։

Միաժամանակ Բաքուն ձևավորում է այն ընկալումը, թե խաղաղության գործընթացի հնարավոր ձախողման պատասխանատվությունը մնում է բացառապես Երևանի վրա։

Ըստ էության, Ալիևը այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները։ 

Սակայն այդ «հանգիստը» լինելու է ժամանակավոր Բաքուն անպայման փորձելու է գինը պահանջել ընտրություններից հետո՝ արդեն պայմանագրի ստորագրման կամ պարտավորությունների կատարման փուլում։

Այսպիսով, Ալիևը պահպանում է ճնշման լծակները՝ ժամանակավորապես ստեղծելով խաղաղության պատրանք, որը ընտրություններից հետո կարող է վերածվել նոր պարտադրանքների և պահանջների շղթայի։

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը