Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը սպառնալիք Ռուսաստանի համար. «Ազգ»
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում կազմակերպված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում միայն Թուրքիայի հետ անցկացվել է ավելի քան 25 համատեղ զորավարժություն եւ հետեւություն արեց, որ անհրաժեշտ է 2026-ին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջեւ Ադրբեջանում անցկացնել առաջին համատեղ զորավարժությունը: Կրեմլին մոտ կանգնած «Туранский экспресс»՝ տելեգրամյան  ալիքը զգուշացրել է, որ «թուրքական եղբայրության գաղափարը» վերածվել է հարմար գործիքի աշխարհաքաղաքական խաղերի համար, հավելելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան քաղաքական եւ ռազմական կառույցների կազմակերպման գործընթացի հիմնական դերակատարներն են: «Туранский экспресс»-ը նաեւ հավելել է. «Ալիեւը անմիջապես հստակ սահմանեց ուղին՝  կազմակերպել թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների համատեղ զորավարժություններ եւ ստեղծել «միացյալ ուժի կենտրոն»՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»:
Այս նախաձեռնությունը, ըստ աղբյուրի, բացում է ճանապարհը նաեւ ոչ թյուրքական երկրների մասնակցության համար եւ նպաստում Թուրքիայի ու Արեւմուտքի՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայի ռազմական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացմանը:
Նույն թեմային անդրադարձել է նաեւ Թեհրանի համալսարանի միջազգային հարաբերույթյունների ավագ փորձագետ տիկ. Շաղայեղ Մոթթաղին՝ «Iranian Diplomacy» կայքում «Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար» խորագրով հրապարակած հոդվածում, որտեղ հեղինակը գրում է. «Վերջին տարիներին թյուրքախոս երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Թուրքմենստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային ոլորտներում համագործակցությունը նկատելիորեն աճել է: «Թյուրքական պետությունների կազմակերպության» ստեղծումը եւ որոշ քաղաքական գործիչների կողմից «թյուրքական բանակի» գաղափարի առաջքաշումը ուժեղացրել են այն պատկերացումը, որ թյուրքակենտրոն ռազմական բլոկ է ձեւավորվում: Ռուսաստանի ներքին դիտանկյունից Ռուսաստանը բազմազգ պետություն է. նրա տարածքում զգալի թվով թյուրքական ծագում ունեցող ժողովուրդներ են ապրում՝ Թաթարստանում, Բաշկիրստանում, Ալթայում, Յակուտիայում եւ այլ շրջաններում: Կրեմլի տեսանկյունից, պանթուրքիզմի գաղափարախոսության տարածումը կամ «թուրքական մշակութային միասնության» քարոզը կարող է վտանգել Ռուսաստանի ազգային համերաշխությունն ու ռուսակենտրոն ինքնությունը: Եզրակացություն Ռուսաստանի մտահոգությունը թուրքական ռազմական բլոկի ձեւավորման շուրջ բխում է միաժամանակ մի քանի սպառնալիքներից՝ 
– Ինքնության եւ ներքին համերաշխության սպառնալիքներից,
– Տարածաշրջանային ազդեցության թուլացումից եւ Համաշխարհային ուժային հավասարակշռության փոփոխությունից:
– Ներքին մակարդակում, նման բլոկը կարող է ուժեղացնել ազգայնական եւ պանթուրքիստական գաղափարները Ռուսաստանի ներսում:
– Տարածաշրջանային մակարդակում, այն կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը
– Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում՝ Մոսկվայի հաշվին:
– Իսկ միջազգային մակարդակում, այն կարող է ստեղծել նոր առանցք, որը կվիճարկի Կրեմլի պատկերացրած եվրասիական կարգը:
Արդյունքում, Ռուսաստանի արձագանքն այս գործընթացին, ամենայն հավանականությամբ, կլինի փափուկ զսպման քաղաքականություն՝ զուգորդված անվտանգության ոլորտում համագործակցության խորացմամբ տարածաշրջանի երկրների հետ եւ մշակութային ու տնտեսական ներկայության ուժեղացմամբ, որպեսզի Մոսկվան կարողանա պահպանել իր ազդեցությունը թուրքական աշխարհի տարածքում»:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ, իրանագետ

 
			
