«Буревестник»- ին հաջորդեց «Посейдон»– ը, Թրամփը դիմում է խելագար քայլերի, իսկ Պեսկովը փորձում է հանգստացնել համաշխարհային հանրությանը, բայց…
«Буревестник»– ին հաջորդեց «Посейдон»– ը, Թրամփը դիմում է խելագար քայլերի, իսկ Պեսկովը փորձում է հանգստացնել համաշխարհային հանրությանը, բայց…
Ճշմարտությունը, միևնույն է, հնարավոր չէ թաքցնել
Ռուսաստանի Զինված ուժերը երեկ՝ «Буревестник» միջուկային մարտագլխիկով, ատոմային էներգետիկ կայանքով ու գլոբալ հեռահարության ռուսական միջմայրցամաքային թևավոր հրթիռի փորձարկումների ավարտն ազդարարող արձակումից ուղիղ մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 28- ին, իրականացրել են «Դատաստանի օրվա» ևս մեկ ահեղ զենքի՝ «Посейдон» ստորջրյա ապարատի փորձարկում:
Այս նորագույն և աշխարհում իրենց նմանը չունեցող զենքերի ստեղծման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր դեռ 2018 թվականին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում, և սա նկատի ունենալով, ինչպես «Буревестник»- ի արձակումը, այնպես էլ «Посейдон»– ի փորձարկումը կարելի է համարել պլանային:
Սակայն մյուս կողմից վերոնշյալ փորձարկումների համընկնումը Ուկրաինային միջուկային մարտագլխիկ կրելու ունակ «Tomahawk» թևավոր հրթիռներ տրամադրելու ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի հետաձգված, բայց չչեղարկված մտադրության և Միացյալ Նահանգներից ՌԴ- ի հանդեպ բխող այլ սպառնալիքների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի ռազմատենչ հայտարարությունների և գործողությունների հետ՝ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ռուսաստանը միջուկային սպառազինության կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու նպատակով, ճիշտ ժամանակին համապատասխան ազդանշաններ է տալիս ԱՄՆ- ին ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքին: Այդ ազդանշանների հակիրճ իմաստը սա է՝ չհամարձակվեց, երաշխավորված կերպով ձեզ՝ Ռուսաստանի բոլոր թշնամիներիդ, գրողի ծոցը կուղարկենք, դժոխքը կտեսնեք դեռ երկրի վրա՝ ավելի շուտ, քան մինչև ձեր սատկելը:
«Դատաստանի օրվա» ռուսական զենքը
Հյուսիսային նավատորմի նախկին հրամանատար (1997-2001 թթ.), ծովակալ Վյաչեսլավ Պոպովը երեկ ներկայացրել է «Դատաստանի օրվա» ռուսական զենքի գլխավոր առավելությունը.
««Посейдон»– ը հակառակորդի վրա իր ազդեցության ուժով գերազանցում է աշխարհում գոյություն ունեցող ցամաքային և ծովային բազավորման բոլոր ռազմավարական բալիստիկ հրթիռները, այն աշխարհում նմանակը չունի, դրա կիրառման հետևանքները (հակառակորդի համար) սարսափելի են»,- «РИА Новости» – ի տեղեկացմամբ, հայտնել է Պոպովը։
«Посейдон» օվկիանոսային բազմանպատակային համակարգի տեխնիկական բնութագրերը և շահագործման սկզբունքն անհնար են դարձնում գոյություն ունեցող հակազդեցության միջոցներով նրա որսումը, ոչնչացումը: Ատոմային փոքրաչափ ռեակտորով էներգակայանքի գործարկմամբ սարքի փորձարկումները, որոնք անցկացվել են կրող սուզանավի վրա, հաստատել են համալիրի եզակի բնութագրերը: Շնորհիվ իր ատոմային էներգակայանքի, «Посейдон»- նն ունի գրեթե անսահմանափակ հեռահարություն։ Փորձագետների տվյալներով՝ «Посейдон»- ի հնարավորությունները բազմաթիվ պարամետրերով գերազանցում են համաշխարհային նմանակներին և սուզման խորության ու թաքնված շարժման տեխնոլոգիայի առումով աշխարհում հավասարը չունեն։
Ավելի վաղ նախագահ Պուտինը հայտարարել էր «Посейдон»- ի հաջող փորձարկման մասին: Նա մեկնաբանելով «Посейдон» ապարատը, հայտարարել էր, որ աշխարհում նման բան չկա և մոտ ժամանակներս դժվար թե հայտնվի: Այն ատոմային էներգակայանքով և առանց անձնակազմի ստորջրյա ապարատ է: ՌԴ նախագահը «Посейдон»- ի հաջող փորձարկումը «հսկայական հաջողություն» է անվանել։ Այս սարքը, ինչպես պնդում են, իր հզորությամբ գերազանցում է նույնիսկ միջուկային մարտագլխիկներով աշխարհում ամենահզոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռին՝ ռուսական «Սարմատին»։
Պուտինը նշել է, որ առաջին անգամ հաջողվել է ոչ միայն այն մեկնարկային շարժիչով գործարկել կրող սուզանավից, այլև գործարկել ատոմային էներգետիկ կայանքը՝ որոշակի ժամանակահատվածում ապահովելով «Посейдон»- ի աշխատանքը: Նախագահն ասել է նաև, որ «Посейдон»- ի որսման միջոցներ գոյություն չունեն, այն հնարավոր չէ որսալ գոյություն ունեցող միջոցներով: Նրա խոսքով՝ առանց անձնակազմի նման սարքերը կարող են զինվել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերքով, ինչը թույլ կտա խոցել ամենատարբեր թիրախներ, այդ թվում՝ ավիակիր խմբավորումներ, առափնյա ամրություններ և ենթակառուցվածքներ:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևի շնորհավորանքը Ռուսաստանի «բոլոր բարեկամներին»
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի «բոլոր բարեկամներին» «Посейдон»- ի հաջող փորձարկման կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր բարեկամներին (և հատկապես… Բելգիայի պաշտպանության նախարարին) միջուկային էներգետիկ կայանքով «Պոսեյդոն» ստորջրյա սարքի հաջող փորձարկմամբ»,- «РИА Новости» – ի տեղեկացմամբ , գրել է Մեդվեդևը Max հարթակի իր ալիքում։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է նաև, որ «Посейдон»- ը կարելի է ողջ իմաստով համարել «Դատաստանի օրվա» զենք: Մեդվեդևը Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենին հատկապես է շնորհավորել, քանի որ վերջինս դրանից առաջ հոխորտացել էր երկրի երեսից ջնջել Մոսկվան, դրանով իսկ ծիծաղելի վիճակում դնելով իրեն, քանի որ Բելգիան անվիճելիորեն չունի դրա հնարավորությունը:
Մեդվեդևը, Life.ru- ի փոխանցմամբ, ավելի վաղ արձագանքել էր X սոցիալական ցանցի օգտատիրոջ առաջարկին, որը վերաբերում է ռուսական նորագույն զենքի փորձարկմանը: Երկխոսության ընթացքում քաղաքական գործիչը մեկնաբանել է «Посейдон»- ի համար Բելգիան որպես փորձադաշտ օգտագործելու գաղափարը: Քննարկման նախաձեռնողը «selfmade» մականունով օգտատերն է եղել, որը կատակով առաջարկել է լրացուցիչ փորձարկումներ անցկացնել՝ օգտագործելով եվրոպական պետության տարածքը։
«Ինձ թվում է, ավելի շատ փորձարկումներ են պետք… օգտագործելով Բելգիան որպես փորձադաշտ»,- գրել է նա:
Մեդվեդևը հակիրճ պատասխանել է, որ այդ դեպքում Բելգիան կարող է դադարեցնել իր գոյությունը։
«Այդ ժամանակ Բելգիան կանհետանա»,- պատասխանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Ռուսաստանի նորագույն զենքերի փորձարկման լուրն առած ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփն անզոր կատաղությունից դիմել է խելագար քայլի՝ հայտարարելով, որ Պատերազմի նախարարությանը (նախկինում՝ Պենտագոն) հանձնարարել է միջուկային զենքի փորձարկումներ սկսել:
ԱՄՆ- ի նախագահը «Truth Social» հարթակում հոկտեմբերի 30- ին մասնավորապես գրել է․ «Այլ երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես Պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացն անմիջապես կսկսվի»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով վերոնշյալ հանձնարարականի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը, այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային շարժիչ ունեցող «Буревестник» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի փորձարկումը չի ընկնում միջուկային զենքի փորձարկումների գլոբալ սահմանափակումների տակ։
«Եթե նա ինչ-որ առումով նկատի է ունեցել «Буревестник»- ի փորձարկումը, ապա դա որևէ կերպ չի կարող համարվել որպես միջուկային փորձարկում։ Բոլոր երկրները զբաղվում են իրենց պաշտպանական համակարգերի զարգացմամբ, սակայն դա չի համարվում միջուկային փորձարկում»,- հայտարարել է Պեսկովը։
Անվիճելի է, որ միջուկային փորձարկում է համարվում միայն միջուկային ռումբի, մարտագլխիկի կամ փորձարկման սարքի կազմում միջուկային լիցքի պայթեցումը, ինչն առկա չէ ինչպես «Буревестник»- ի, այնպես էլ «Посейдон»- ի փորձարկման պարագայում:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ եթե որևէ երկիր խախտի միջուկային փորձարկումներ չանելու համաձայնությունը, ռուսական կողմն էլ համապատասխան քայլերի կգնա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ներկայում միջուկային զինաթափման վերաբերյալ փորձագիտական բանակցություններ չեն վարում, բայց թեման օրակարգում է։ Պեսկովը համաշխարհային հանրությանը հանգստացնելու նպատակով այն կարծիքն է հայտնել, թե Ռուսաստանն ու ԱՄՆ- ը նոր սպառազինությունների մրցավազքի մեջ չեն, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ի հակառակ Պեսկովի ասածի, այն տպավորությունն է, որ ռուս- ամերիկյան երկխոսությունը ներկայումս փակուղում է։
Արթուր Հովհաննիսյան

 
			
