Ալիևին և Էրդողանին բանավոր հրավիրել ենք մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Միրզոյան

Ալիևին և Էրդողանին բանավոր ամենաբարձր մակարդակով հրավիրել ենք մասնակցելու: Այս ամեն ինչը շատ թարմ է, և դետալներ չեն քննարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ քննարկում Բաքվի, Անկարայի հետ հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցության առումով, և ինչ մակարդակով է դա լինելու:

«Մի օր, ոչ թե ասում եմ որ հենց այսօր, մենք պատրաստ ենք տեսնել նախագահ Ալիևին Երևանում, և հակառակը՝ վարչապետ Փաշինյանին՝ Բաքվում, այլ ասում եմ՝ մի օր այս իրավիճակը լինելու է: Ինչ կարող ենք այսօր ասել, այն է, որ պետք է գնանք այս ճանապարհով»,- նշել է Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026 թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։