Ըստ նախագծի՝ անձը կարող է հաշվառվել բնակության վայրում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնությունից

Ինչպես միշտ սկսվեց`

e-draft.am-ում հրապարակված նախագիծը՝ «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին», իր նպատակներով՝ թվայնացում, տվյալների ճշգրտություն և գործընթացի պարզեցում, կարծես առաջադեմ քայլ է, բայց ինչպես միշտ եթե խորանանք իրավական տեսանկյունից, նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց և քննարկելի կետեր, որոնք կարող են առաջացնել ինչպես սահմանադրական, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ։

Նախագծում առկա են մի շարք իրավական անհստակություններ և սահմանադրական ռիսկեր, որոնք անհրաժեշտ է հստակեցնել մինչև դրա ընդունումը։ Օրինակ խնդիրներից մեկը ինձ համար ամենակարևորը`

Սեփականատիրոջ համաձայնության բացակայությունը` սա գլուխգործոց է

Նախագծով նախատեսվում է, որ անձը կարող է հաշվառվել բնակության վայրում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնությունից։

Այս դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, որով երաշխավորվում է սեփականության իրավունքը և դրա սահմանափակման համաչափության սկզբունքը։

Բնակության վայրում հաշվառման փաստը կարող է առաջացնել իրավական և տնտեսական հետևանքներ սեփականատիրոջ համար, ուստի նման մեխանիզմը պետք է ունենա իրավաչափ հիմք և հստակ վերահսկողական մեխանիզմներ։

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, որով ամրագրված է

«Յուրաքանչյուր ոք ունի սեփականության իրավունք։ Սեփականությունը չի կարող ապօրինաբար զրկվել կամ սահմանափակվել»։

Բնակության վայրում հաշվառումը, նույնիսկ եթե այն ձևական է, կարող է առաջացնել մի շարք իրավական հետևանքներ սեփականատիրոջ համար՝ հարկային կամ վարչական պարտավորություններ, գույքի օգտագործման կամ համատեղ բնակության մասին իրավական վեճեր, վարձակալական հարաբերությունների խաթարում, վեճեր կոմունալ ծառայությունների և ընդհանուր տարածքների օգտագործման շուրջ։ Հաշվառման իրականացումը առանց սեփականատիրոջ համաձայնության խախտում է սեփականության ազատ տնօրինման իրավունքը, խաթարում է գույքային հարաբերությունների կայունությունը, և հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին՝ համաչափության սկզբունքին։ Այդ հոդվածով սահմանվում է, որ սահմանափակումները կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ և համաչափ են նպատակին։

Հիշեք` ՀՀ Սահմանադրական դատարանի նախադեպեր (օր.՝ ՍԴՈ-1415, 2017թ և ՍԴՈ-1530, 2019թ) հստակ շեշտում են, որ

պետական մարմինը չի կարող սահմանափակել սեփականատիրոջ իրավունքը առանց բավարար հիմնավորման և օրենսդրական բազայի։

Այստեղ նման հիմնավորում չկա, իսկ լիազորությունը վերցված է ընդամենը օրենքի ընդհանուր դրույթից («Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենք, հոդված 23), որը նման ծավալի իրավական միջամտություն չի թույլատրում։

Քաղաքացու պարտավորությունը՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում տվյալները թարմացնելու

Սա փաստացի սահմանում է վարչական պատիժ առանց հստակ իրավական հիմքի կամ ընթացակարգի

Ո՞ր իրավական ակտով է նախատեսված այդ 《պասիվ կարգավիճակի》 իրավական ուժը։

Ինչպիսի՞ իրավական հետևանքներ կունենա՝ անհնարինություն ընտրել, բանկային գործարքներ անել, թե՞ միայն տվյալների տեխնիկական նշում։

Եթե պասիվ կարգավիճակը սահմանափակում է քաղաքացու որևէ իրավունքը (օրինակ՝ ընտրելու, վարկ ստանալու, կամ պետական ծառայություններ ստանալու), դա կարող է հակասել Սահմանադրության 28-րդ հոդվածին (իրավասու կառավարման իրավունք)։

Նախագիծը սահմանում է, որ տվյալների չթարմացման դեպքում անձը կարող է ստանալ «պասիվ կարգավիճակ» ՀԾՀ համակարգում։

Սակայն պասիվ կարգավիճակի իրավական բնույթը, դրա սահմանման ընթացակարգը և հետևանքները նախագծում բացակայում են։

Առաջարկում եմ նախատեսել հստակ իրավական հիմք, որը կսահմանի՝ ինչ իրավունքի սահմանափակում է առաջացնում պասիվ կարգավիճակը, ով է որոշում կայացնող մարմինը, և ինչ ժամկետներում է հնարավոր վիճարկել այդ որոշումը։

Բնակության փաստացի վայրի և հիմնական հասցեի հնարավոր բախումը

Հիմնական հասցեն համարվելու է մշտական բնակության վայր՝ անկախ նրանից, թե անձը փաստացի որտեղ է բնակվում։

Կառաջացնի խնդիրներ ընտրական ցուցակների ճշգրտության, ինչպես նաև տեղական հարկային ու վարչական իրավահարաբերությունների դեպքում։

Կա ռիսկ, որ կարող է խեղաթյուրել ընտրողների ցուցակները, քանի որ ընտրական իրավունքը կապվում է բնակության վայրի հետ։

Մարդը կարող է հաշվառվել մի վայրում, որտեղ երբեք չի ապրել, ինչը խաթարում է ընտրական ռեգիստրի ճշգրտությունը։

Նման իրավիճակներում կաճի ֆիկտիվ հաշվառումների և մանիպուլյացիաների ռիսկը։

Առաջարկում եմ նախատեսել, որ ընտրական և վարչական նպատակներով կիրառվի փաստացի բնակության հասցեն, իսկ «հիմնական հասցեն» օգտագործվի միայն որպես գրանցման տեխնիկական միավոր։

Անձնական տվյալների պաշտպանության ռիսկեր

Նախագծով նախատեսվում է հավաքել և պահել ոչ միայն բնակության, այլև էլեկտրոնային փոստի և այլ նույնականացնող տվյալներ։

Սա մեծացնում է տվյալների չարաշահման ռիսկը և պահանջում է խիստ տեղեկատվական անվտանգության մեխանիզմներ։

Ուշադիր` մեծացնում է անհատական տվյալների բազայի ծավալը և տեղեկատվական անվտանգության ռիսկը։

Պետք է հստակ սահմանվի՝ ով է տվյալների պատասխանատուն, ինչպես է ապահովվելու դրանց գաղտնիությունը և ոչ նպատակային օգտագործման արգելքը։

Եթե համակարգը միացվում եք այլ պետական շտեմարաններին (ԱԺԿ, ՀԾՀ, ընտրական ռեգիստր), անհրաժեշտ է ազդեցության գնահատում տվյալների պաշտպանության տեսանկյունից DPIA՝ ինչպես պահանջում է ԵՄ GDPR ստանդարտը, որը ՀՀ-ն ընդունել է որպես ուղեցույց, ուրեմն սա նույնպես սարքեք անբաժան մաս։

Առաջարկում եմ նախքան համակարգի գործարկումը իրականացնել տվյալների պաշտպանության ազդեցության գնահատում DPIA, սահմանել հստակ տվյալների պահպանման ժամկետներ և մուտքի իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը։

Արտերկրում բնակվող քաղաքացիների հաշվառման բարդ ընթացակարգ

Նախագիծը պարտադրում է դիվանագիտական ծառայություններին ապահովել ՀՀ-ից դուրս 183 օրից ավելի բնակվող քաղաքացիների հաշվառումը։

Գործնականում դա կարող է դժվար իրագործվել՝ հաշվի առնելով հյուպատոսական ծառայությունների սահմանափակ ռեսուրսները։

Չեկ մտածե՞լ, որ սա կարող է ծանրաբեռնել դիվանագիտական ծառայությունները, որոնք չունեն տեխնիկական ռեսուրսներ նման վերահսկման համար։ Բացի այդ, սահմանված չէ՝ ինչպե՞ս է չափվելու 183 օրը, ի՞նչ է լինում, եթե քաղաքացի ժամանակավոր է դուրս գալիս երկրից, արդյո՞ք նրան նույնպես պետք է պասիվ կարգավիճակ տրվի։

Առաջարկում եմ թույլատրել քաղաքացիներին ինքնուրույն մուտքագրել և թարմացնել տվյալները առցանց հարթակի միջոցով՝ հյուպատոսության հաստատմամբ միայն վերահսկողական փուլում։

Օրենսդրական լիազորությունների գերազանցման ռիսկ դե սա ձեր սիրած իրավական վիճակն է։

Նախագիծը հղում է անում միայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածին, որը կառավարությանը լիազորում է սահմանել հաշվառման կարգը, սակայն ոչ՝ նոր իրավական պարտավորություններ և սահմանափակումներ։

Այսինքն՝ որոշ դրույթներ կարող են դուրս գալ կառավարության լիազորությունների շրջանակից։ Նշանակում է՝ որոշ նորմեր կարող են համարվել իրավաչափ լիազորությունների գերազանցում, և դրանց կիրառումը հետագայում կարող է վիճարկվել դատարանում կամ Սահմանադրական դատարանում։

Փաստաբան՝ Աննա Ծառուկյան