Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով լայն շրջանակի անձանց արգելում է զբաղվել քաղաքականությամբ
Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով քննարկել և երեք ընթերցմամբ ընդունել է մի օրինագիծ, որը թույլ կտա լայն շրջանակի անձանց արգելել կուսակցական գործունեությամբ զբաղվելու, քաղաքական պաշտոններ զբաղեցնելու և ընտրություններին մասնակցելու։
Փոփոխությունները վերաբերում են հակասահմանադրական ճանաչված կուսակցությունների անդամներին, ինչպես նաև նրանց հետ «առնչություն ունեցող» քաղաքական գործիչներին։ Ըստ փոփոխությունների՝ նրանք այլևս չեն կարողանա իրականացնել պասիվ ընտրական իրավունք՝ խորհրդարանում կամ մունիցիպալ ինքնակառավարման մարմիններում ընտրվելու իրավունք։ Նշված անձանց միաժամանակ կարգելվի ղեկավար պաշտոններ զբաղեցնել սահմանադրական մարմիններում, միանալ այլ կուսակցությունների կամ նվիրատվություններ կատարել։
Եթե որևէ քաղաքական միավորում իր շարքերում ընդունի «արգելված» քաղաքական գործչի, դա կհանգեցնի քրեական հետապնդման և տուգանքի։ Եթե նման անձինք դառնան «որոշում ընդունողներ», կուսակցությունը կճանաչվի հակասահմանադրական ուժերի «իրավահաջորդ» և դրա գործունեությունը ևս կկասեցվի։
Քաղաքական գործունեությունը դադարեցնելու հարկադրված անձինք չեն կարողանա նաև նոր կուսակցություն գրանցել. հանրային գրանցամատյանը կմերժի նրանց դիմումները։
Փոփոխությունների նախաձեռնողը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է։ Նրանք պնդում են, որ փոփոխություններն անհրաժեշտ են «ժողովրդավարությունը պաշտպանելու» և «քաղաքական լանդշաֆտն օտարերկրյա գործակալական ցանցից ազատելու» համար։
Նախաձեռնությունը լայն քննադատության է արժանացել Եվրամիությունում և տեղական մակարդակով։
Իշխանությունները շուտով հայց կներկայացնեն նաև Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»։ Հայցը հիմնված է վիճահարույց խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի վրա, որը հետաքննել է նախորդ կառավարությունների կատարած հնարավոր հանցագործությունները։ Ուշադրության կենտրոնում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, գործարարների նկատմամբ ճնշումները և բանտարկյալների նկատմամբ բռնությունները։

