Սա բռի ձևով քարը պոկած բետոն է, անձրևաջրերը ներթափացելու են հիմքի մեջ․ Անահիտ Թարխանյանը տագնապ է հնչեցնում

«Ընդամենը Եղեռնի հուշարձանի մույթերի ստորին հատվածներում մի քանի քարեր աղակալվել են, քանի որ հորիզոնական և ուղղահայաց պատերը իրար են միանում, այնտեղ կուտակվում են ջրեր և այդ ջրերը՝ անձրևաջրեր կամ ձյուն, ընթացքում ներթափանցում է քարի մեջ և խնդիրներ է առաջացնում»,- այսօր՝ հոկտեմբերի 9–ին, լրագրողների հետ զրույցում նշել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

«Ժամանակակից շինարարական մեթոդաբանությունը շատ պարզ ձևերով այդ հարցը լուծում է, ընդամենը ինչպես հնագիտության ոլորտում է արվում, ընդամենը նուրբ խոզանակներով պետք էր այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, չորացնել ֆենով և հետագայում հատուկ հիդրոֆոբ նյութեր կան, որոնցով պետք է մշակել այդ հատվածները։ Այդ նյութերը թանկարժեք են, բայց հաստատ մի քանի անգամ ավելի էժան են, քան այն մեթոդաբանությունը, որ ընտրվել է այսօր Եղեռնի հուշարձանի ռեստավրացիայի համար։ Ժամանակի մեջ մենք կծախսեինք, ենթադրենք, 1-2 ամիս ուսումնասիրության վրա, մեկ ամիս կծախսեինք վերանորոգման, մաքրելու վրա, որպեսզի այս սպիտակ աղակալումները քարերի վրայից դուրս բերենք, և ևս մեկ ամիս՝ հիդրոֆոբ նյութերով մշակելու վրա, որոնք թափանցիկ նյութեր են, քարի որակն ու տեսքը չեն փոխում։

Հիմա մենք ծախսել ենք և հավելագրել ենք նախագծով հինգ անգամ ավելի մեծ գումար, քան պետք էր այստեղ ծախսել։ Դա ժողովրդի գումարներ են, որը ծախսելու կարիքը չկար։  Մենք ավելի քիչ ժամանակ, ավելի քիչ գումար, ավելի քիչ մարդկանց ներգրավելով՝ կունենայինք ամառային ամիսներին լավ վերականգնված Եղեռնի հուշարձան։ Հիմա սկսվում է անձրևային սեզոնը, հուշարձանի վերևը բաց է, ջրերը ներթափացելու են հիմքի մեջ, որովհետև աստիճանները, որոնք որ պոկված են, պոկված են հիմքերից, ամբողջը խոնավանալու է, ո՞նց են չորացնելու։ Ձմեռը գործ չի կարելի անել, կամ շտապ պետք է վերևը ձևավորել ժամանակավոր տանիք, որ պաշտպանենք այս ապամոնտաժված մույթերը։ Դա հենց այնպես բետոն չի։ Սա բռի, կոպիտ ձևով քարը պոկած բետոն է և թեք երկաթբետոնը մենք բաց ենք թողնում անձրևների տակ»,– հայտարարել է ճարտարապետը։