ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը ֆինանսական ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական հաղորդագրությունը, փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, ինչպես նաև պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը։

Հուշագրով սահմանվում է ֆինանսական ոլորտի կարգավորմանն ու վերահսկողությանը վերաբերող տեղեկությունների փոխանակման կարգը։ Համագործակցությունը ներառելու է ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության, շուկայական վարվելակերպի, սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների, ֆինանսական տեխնոլոգիաների և դրամավարկային քաղաքականության ոլորտները։

Փաստաթուղթը հիմք կստեղծի երկու կենտրոնական բանկերի միջև փորձի և տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման համար։