Մեր փախստական հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում․ Փաշինյանն արցախցիների վերադարձը խաղաղության համար վտանգավոր է համարում
ԵԽԽՎ պատգամավորի հարցին, թե «Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի փախստականների հարցն արդյո՞ք արծարծվել է՝ նրանց գույքի, նաև մշակութային ժառանգության առումով», ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ինչպես բոլոր պայմանագրերում և համաձայնագրերում, Խաղաղության պայմանագրում ևս ամեն ինչ չէ, որ ներառված է։ Նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ, պլատֆորմներ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»,–ասաց նա։
Արցախցիների վերադարձի մասին հարցին Փաշինյանը պատասխանեց. «Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ մեր փախստական հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում։ Մենք արդեն նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց, համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի, և մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիությամբ»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրեն էլ մարդիկ հարց են տալիս, թե որքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը. «Ես ուղիղ ասում եմ, որ իրատեսական չեմ համարում։ Փախստականների վերադարձը համարում եմ վտանգավոր խաղաղության համար, որովհետև կոնֆլիկտը սկսվել է թվում է՝ հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի։ Իմ ընկալումն այն է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և պետք է կենտրոնանան այս բանաձևի վրա։ Առաջիկա տասնամյակներում ՀՀ-ն և Ադրբեջանը պարզապես պետք է հանգիստ թողնեն իրար ու պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցության և քայլ առ քայլ երկխոսություն սկսելու վրա»։
Նա հույս հայտնեց, թե միջազգային հանրությունը ավելի շատ ֆինանսական աջակցություն կցուցաբերի նրանց․ «Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ԼՂ մեր հայրենակիցների բնակաապահովման հարցերը լուծելու համար: Բայց Եվրոպայի խորհուրդը նույնպես կարող է աջակցել՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների համար տարբեր ծրագրեր իրականացնելով, այդ թվում՝ վերամասնագիտացման, կրթության հարցերում նրանց աջակցությամբ: Դա շատ կարևոր ուղղություն է, որպեսզի նրանք Հայաստանի զարգացող աշխատանքի շուկայում ավելի արագ գտնեն իրենց տեղը»,- նշեց Փաշինյանը:

