ՊՆ-ի դիմաց անհայտ կորածների հարազատների և ՌՈ ծառայողների միջև քաշքշոց սկսվեց

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ։ Նրանք պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ ՊՆ պաշտոնյաները հրաժարվել են ընդունել ծնողներին։ Նրանք էլ  ուժով փակել են ՊՆ-ի դռները և թույլ չեն տալիս, որ շենքից դուրս եկող լինի։ Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ իրավիճակը լարված է։  Տարածքում մեծ թվով ռազմական ոստիկանության ծառայողներ են։

«Չի բացվելու էս դուռը, Գնա երեխուս բեր, բացենք»,–ասաց ծնողներից մեկը։

Ծնողների ու ռազմական ոստիկանության ծառայողների միջև քաշքշոց սկսվեց, սակայն ծնողները չընկրկեցին։

«Մեկդ ինձ կպավ, չգիտեմ՝ ինչ կանեմ։ Դուք ասեք, որ չենք կարողանում բացել դռները, թող իրենք իջնեն բացեն։ Թող գան, պատասխան տան, թե ինչի է էսօր սենց ստացվել»,–ասաց ծնողներից մեկը՝ տեսնելով ոստիկաններին։

Հիշեցնենք, որ նրանք ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27–ին, և իրենց ասել են, որ այսօր կլինի հանդիպում։