Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրի Daroink-ին
Հայաստանի կառավարությունը նախատեսում է մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել հրուշակեղենի, թխվածքաբլիթների, վաֆլիների, աղի և քաղցր ձողիկների արտադրությամբ զբաղվող «ԴԱՐՈՅՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի սեպտեմբերի 25-ի նիստի օրակարգում։
«Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․1 մլրդ դրամի ներդրում ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 490 աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 565-ի 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով»,- նշված է որոշման նախագծում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 126 մլն դրամ։
Մաքսային արտոնության միջոցով ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի, թխվածքաբլիթների, վաֆլիների, աղի և քաղցր ձողիկների արտադրության համար։

