Լավրովը ժամանել է Նյու Յորք, որտեղ առնվազն 10 հանդիպում կանցկացնի․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում առնվազն 10 հանդիպում կունենա, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ռոսիսկայա գազետա»-ն։
«Եվ դրանք ոտքի վրա հանդիպումներ չեն, այլ լիաֆորմատ բանակցություններ… Գրաֆիկը կարող է փոխվել, կարող է մի փոքր ավելի շատ լինել, բայց դժվար թե ավելի քիչ լինի»,- ասել է նա։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք ծրագրվում է ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ, դիվանագետը նույնպես դրական է պատասխանել։
Դիվանագետի խոսքերը հաստատում է նաև ամերիկյան կողմը։ «Պետքարտուղար Ռուբիոն Նյու Յորքում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասվում է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Լավրովը Նյու Յորք է ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելու համար, որը տեղի է ունենում սեպտեմբերի 23-ից 27-ը և սեպտեմբերի 29-ին։

