Դավիթ Փափազյանը գուցե միայն «երեսն» է, իսկ խորքում այլ շերտեր են. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՆԻՖ նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին և ասում են նաև նախկին նախագահ Արմեն Սարգսյանի սանիկն է, քննադատել է Նիկոլ Փաշինյանին:

«Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,-գրել է Դավիթ Փափազյանը:

Սա իհարկե շատ ուշագրավ, եւ հնարավոր է բավականին բազմաշերտ մոտիվներ ունեցող գրառում է, որտեղ Դավիթ Փափազյանը գուցե միայն «երեսն» է, այսինքն գրառման դեմքը, իսկ խորքում այլ շերտեր են:

Ի դեպ, աստեղ գուցե ավելորդ չէ հիշեցնել մի բան, որ Դավիթ Փափազյանը վերջերս հայտնվեց Գազայի հետ կապված աղմկոտ պատմության մեջ:

«Հետքը» օգոստոսին գրել էր, որ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի:

Ըստ այդ տեղեկության, իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է:
Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»:

Սեպտեմբերի 5-ին եղավ տեղեկություն, որ Քննչական կոմիտեն հանձնարարել է Դավիթ Փափազյանի նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Արդյո՞ք այս հանգամանքն է, որ Փափազյանին «հանել» է Փաշինյանի դեմ, թե՞ այս հանգամանքը այն է, ինչ օգտագործվում է, իսկ դրա ներքո առկա են ավելի լայն և խորը քաղաքական մոտիվներ: Այլ կերպ ասած՝ Փափազյանն այս դեպքում զինվորն է, իսկ ֆուգուրները՝ այլք:

Համենայն դեպս կարող է լինել նախընտրական Հայաստանի շատ հետաքրքիր մի շերտ»:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ ԱՆԻՖ  հիմնադրամով 25 միլիարդ դրամ  փոշիացվել է։