Հրաժարվել միջուկային էներգետիկա ունեցող երկրի կարգավիճակից, նշանակում է հրաժարվել թե տեխնոլոգիական, թե աշխարհաքաղաքական կշռից. քաղաքական վերլուծաբան

«Որևէ կերպ բացառելի չէ, որ վաղը չի սկսի արևմտյան ֆինանսավորմամբ փորձագիտական խմբերի արշավ, որոնք կհիմնավորեն, որ ատոմակայանը Հայաստանի համար գլխացավանք է, որ վտանգ է, որ միջուկային թափոնների կառավարման հարց կա, և իհարկե կա Ռուսաստանի ազդեցության հարց, ու այդ ամենից Հայաստանը պետք է ազատվի փաթեթով,- անդրադառնալով  Փաշինյանի այսօրվա հայտարարություններին՝ գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
– Եթե կարող են գտնվել մարդիկ, որոնք կհիմնավորեն Արցախի կորուստը, որոնք կհիմնավորեն հայկական պետականության և ազգային ինքնության ապամոնտաժումը, մի ատոմակայանի փակումն ու նոր ատոմակայան կառուցելուց հրաժարվելն ի՞նչ է, որ չհիմնավորեն:

Իսկ գործնականում, ատոմակայանը՝ ոչ մոդուլային «գեներատորների» տրամաբանությամբ կայանները, այլ առնվազն միջին հզորությամբ կայանը թե էներգետիկա է, թե աշխարհաքաղաքականություն:
Սրա պարզ օրինակն այն է, որ միջուկային բլոկների կառուցման հարցում երկրների մրջև պայմանավորվածությունները և դրանց իրականացումը ամբողջապես գտնվում են աշխարհաքաղաքական ստրատեգիական հարաբերությունների հարթության վրա, համաձայնեցվում են պետությունների ղեկավարների՝ առաջին դեմքերի մակարդակով:
Այդ ամենը ստրատեգիական առանձնահատկություն պարունակող մոտեցումներ է պահանջում նաև կոնֆլիկտային պայմաններում, ինչն օրինակ մենք տեսնում ենք ուկրաինական պատերազմում, ինչը մասնակի տեսանք Իրանի դեմ -օրյա պատերազմում:
Ի վերջո, իբրև թե անվտանգության նկատառումներին հղում անելով Հայաստանի առաջ ատոմակայան փակելու պահանջ դնող Թուրքիան ինքն է զարգացնում իր միջուկային էներգետիկան:
Հրաժարվել միջուկային էներգետիկա ունեցող երկրի կարգավիճակից, նշանակում է հրաժարվել թե տեխնոլոգիական, թե աշխարհաքաղաքական կշռից:
Սակայն, դժբախտաբար հենց այստեղ է, որ այդ ռիսկը Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի և «փիլիսոփայության» համատեքստում շատ իրական է, որովհետև այդ փիլիսոփայությունը հենց հրաժարումի փիլիսոփայությունն է՝ վասն կենցաղային բարեկեցության անորոշ ապագայի»: