Պետական մարմինները չեն ապահովել հավասար պայմաններ բոլոր ընտրական սուբյեկտների համար․ «ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արտակ Սարգսյան

ԴԻՄՈՒՄ

ՀՀ Սահմանադրության և ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ

Ուղղված՝ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին

Դիմող՝ «ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արտակ Սարգսյան

Հարգելի՛ պաշտոնատար անձինք, Սույն դիմումով տեղեկացնում եմ, որ ՀՀ ընտրական գործընթացների շրջանակներում ստեղծվել է իրավական և գործնական փակուղային իրավիճակ, որը խախտում է հավասար ընտրական հնարավորությունների, արդար մրցակցության և իրավական որոշակիության հիմնարար սկզբունքները։ Մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից կազմակերպչական և համակարգային թերությունների հետևանքով մեր կուսակցության ընտրական գործընթացին մասնակցության իրավունքի իրացումը խոչընդոտվել է։ Առևտրային բանկերի կողմից անհիմն կերպով մերժվել է մեր կուսակցության հաշվեհամարի բացումը, ինչի հետևանքով անհնար է դարձել օրենքով նախատեսված դրամահավաքի կազմակերպումը և ընտրական գրավի վճարումը։ Ստեղծված իրավիճակում որևէ պետական մարմին չի առաջարկել արդյունավետ լուծում, և միայն իմ՝ որպես դիմողի նախաձեռնությամբ է առաջարկվել վճարումը կատարել անձնական հաշվից։ Վերոնշյալ առաջարկի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գրավոր ձևով տվել է իր համաձայնությունը ընթացիկ շաբաթվա ընթացքում։

Սակայն առկա են ոչ աշխատանքային օրեր, և ԿԸՀ նիստի ընթացքում բարձրացված պահանջը՝ տրամադրել ողջամիտ ժամկետ (աշխատանքային օրերի հաշվարկով)՝ վճարման իրականացման համար, չի ստացել իրավաչափ և հստակ լուծում։ Բացի այդ, ԿԸՀ էլեկտրոնային մուտքագրման համակարգը մեր կուսակցության նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ քաղաքական խոչընդոտներ, մասնավորապես՝ որոշ թիմակիցների անունների կրկնակի մուտքագրումներ, թիմակիցների տվյալների հեռացում առանց մեր կողմից համապատասխան գործողության, արդեն հեռացված անձանց ինքնաբուխ վերադարձ ցուցակներում, ինչպես նաև մեր օգտահաշվում գովազդային վահանակների բաժնի փաստացի բացակայություն։ Վերոգրյալը փաստում է, որ պետական մարմինները չեն ապահովել հավասար պայմաններ բոլոր ընտրական սուբյեկտների համար և փաստացի հայտնվել են կառավարման անարդյունավետության հետևանքով առաջացած փակուղու մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ՝ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձից՝ որպես Սահմանադրության երաշխավոր, կիրառել Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների ամբողջ ծավալը և ապահովել իմ և ներկայացվող քաղաքական ուժի ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ սահմանել ողջամիտ ժամկետ՝ բացառապես աշխատանքային օրերի հաշվարկով, ընտրական գրավի վճարման համար, ապահովել հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր ընտրական սուբյեկտների համար, իրականացնել էլեկտրոնային համակարգի անխափան և ոչ խտրական աշխատանքի անհապաղ վերականգնում և պատասխանատվության միջոցների կիրառում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ վերահաստատել իր գրավոր համաձայնության իրավական ուժը և ապահովել դրա գործնական կիրառելիությունը։

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձից՝ ապահովել գործադիր իշխանության մարմինների համակարգված և արդյունավետ գործունեությունը՝ բացառելու նմանատիպ իրավական փակուղիները։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Սույն դիմումի մերժումը կամ անպատասխան թողնելը կդիտարկվի որպես քաղաքական չեզոքության սկզբունքի խախտում և Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների ոչ պատշաճ կատարում՝ համապատասխան իրավական և հանրային գնահատականի ենթարկվելու հիմքով։

 

Հարգանքով՝ Արտակ Սարգսյան

«ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության Նախագահ