Վրաստանի ԱԳ նախարարը Եվրամիության հետ հարաբերություններում իրական օրակարգ սահմանելու անհրաժեշտություն է տեսնում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Թբիլիսիի և Եվրոպական միության միջև հարաբերություններում անհրաժեշտ է համարում ունենալ պրագմատիկ մոտեցում՝ հիմնված իրական օրակարգի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարի հայտարարությունները։

«Մեզ գովեստ պետք չէ. մեզ անհրաժեշտ են իրական օրակարգի վրա հիմնված հարաբերություններ։ Մեզ պետք չեն հորինված հարցեր, քանի որ կա իրական օրակարգ, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններում»,-ասել է Բոչորիշվիլին։

Նա նշել է, որ Եվրամիության հետ հարաբերություններում համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, սակայն կարծում է, որ եվրոպական ինստիտուտների ներկայիս հռետորաբանությունն ու որոշումները չեն արտացոլում իրական իրավիճակը։

Բոչորիշվիլիի խոսքով՝ ԵՄ-ն հասկանում է Թբիլիսիի հետ երկխոսության անհրաժեշտությունը, սակայն դեռևս միասնական դիրքորոշում չկա դրա վերսկսման ձևաչափի վերաբերյալ։ Նա հավելել է, որ վրացական կողմը որևէ քայլ չի ձեռնարկել, որը կարող է հանգեցնել շփումների դադարեցմանը։

«Սա Եվրամիության որոշումն է։ Դա որոշում էր, որը, մի կողմից, նախատեսված էր Վրաստանի ներքին քաղաքականության մեջ օգտագործելու համար, և այդ ժամանակ այն դեր է խաղացել»,-հայտարարել է Բոչորիշվիլին։