Զեղծարարությունների զոհ առավել շատ դարձել են ID բանկի, Ինեկոբանկի, Արդշինբանկի հաճախորդները
Մինչ հունիսի 1-ը բանկային զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկերը սառեցվել են՝ մինչև քրեական վարույթների քննության ավարտը։ Այսինքն՝ պետք է իրականացվի քննություն, կայացվեն դատավճիռներ։ Դատարանը կպարզի, թե ով է գումարը գողացել և ում գումարն է դա։ Եթե պարզվի, որ քաղաքացիներն ունեցել են չարամիտ մասնակցություն, նրանք կդառնան զեղծարարներ, ոչ թե զոհեր, և դատարանի վճռով խնդիրը կհանգուցալուծվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։
Երկար ժամանակ մի շարք քաղաքացիներ ահազանգում են բանկային զեղծարարության զոհ դառնալու մասին։ Ապրիլի դրությամբ ստացվել էր ավելի քան 300 ահազանգ։ Բնակիչները նշում էին, որ իրենց անունով վարկ է ձևակերպվել՝ բավականին խոշոր չափերով, որոնց մասին նրանք նույնիսկ չեն իմացել։ Մեծ մասամբ ահազանգերը վերաբերել են ID բանկին, Ինեկոբանկին և Արդշինբանկին
Մհեր Կարագոզյանը կարևորել է, որ քաղաքացիների ֆինանսական իրավունքներն այս պահին վերականգնվել են. եղել են քաղաքացիներ, որոնց հաշիվներում 5–10 մլն դրամ գումարներ էին, դրանք գողացվել էին, սակայն վերադարձվել և հասանելի են։ Եթե դատավճռով պարզվի, որ քաղաքացին չարամիտ է եղել և նենգաբար գործողություններ կատարել՝ ներկայանալով որպես զոհ, փոխառության պայմանագիրը կգործի և գումարը կվերադարձվի բանկին, հակառակ դեպքում՝ գումարը կմնա քաղաքացու մոտ։
«Սա արդար լուծում է, բայց դրանից հետո կրկին ահազանգեր ենք ստացել՝ նոր զեղծարարությունների մասին։ Մեր ցուցակում նոր բանկ է ավելացել՝ Արցախբանկը, որտեղ քաղաքացիների հաշիվներից գողացվել է մոտ 10–11 մլն դրամ, և բանկը հրաժարվում է պատասխանատվությունից։ Այստեղ ևս իրավունքի խախտում կա. պատճառաբանվում է, թե քաղաքացին է մեղավոր, քանի որ անձնական տվյալ է տվել։ Երբեք զոհին չի կարելի մեղադրել, որովհետև երբ ծուղակում հայտնված քաղաքացուն մեղադրում են ինչ-որ հարցում, դա նպաստում է հանցագործության կայացմանը և հանցագործին աջակցություն է դառնում։ Մեր ասելիքը նույնն է՝ որքան էլ քաղաքացին հայտնվի ծուղակում և տրամադրի տվյալներ, որոնք համարում է անձնական, միևնույն է, բանկը պետք է պատշաճ նույնականացում իրականացնի։ Ամեն դեպքում, հունիսի 1-ից հետո արձանագրված զեղծարարության զոհերի խնդիրը դեռևս լուծված չէ»,- նշեց Կարագոզյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ դեռ անելիքներ կան։
Իրավապաշտպանը նաև նշել է, որ ՔԿ համապատասխան աշխատակիցները, որոնք զբաղվում էին այդ հարցով, աշխատանքից ազատվել են. պարզ չէ՝ ճնշումնե՞րի հետևանքով, թե» համակարգը նրանց հեռացրեց։ Նոր քննիչների հետ համագործակցություն չկա, և պատրաստակամություն նույնպես չկա, չեն ընդունում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

