Որոնք են Հայաստանում ֆիզիոթերապիայի ոլորտում առկա հիմնական խնդիրները

Ֆիզիոթերապիայի համաշխարհային օրը նշվում է սեպտեմբերի 8-ին։ Այս օրն առաջադրվել է 1996 թ․-ին՝ Ֆիզիոթերապևտների համաշխարհային կոնֆեդերացիայի (World Physiotherapy, նախկինում՝ WCPT) կողմից։

Օրվա նպատակներն են` ընդգծել ֆիզիոթերապևտների կարևոր դերը առողջապահության համակարգում, բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը շարժողական առողջության, վերականգնողական բուժման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ և նպաստել առողջ կենսակերպի ձևավորմանը։ 2025-ի օրվա թեման է` «Ֆիզիոթերապիայի և ֆիզիկական գործունեության դերը առողջ ծերացման մեջ՝ կենտրոնանալով թուլության և ընկումների կանխարգելման վրա»։ Այս թեման ընդգծում է կարեկցանքի ու առողջ կենսագործունեության կարևորությունը՝ շեշտադրելով ֆիզիոթերապևտների դերը տարեցների ֆիզիկական և հոգեկան կարողությունները պահպանելու մեջ, դրա միջոցով կանխելու թուլությունն ու ընկումները։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, Հայաստանում ֆիզիոթերապիայի զարգացումը սկիզբ է առել դեռևս խորհրդային տարիներից (մինչև 1990-ականներ), երբ ֆիզիոթերապիան ընկալվում էր որպես «ֆիզիկական գործոնների միջոցով բուժում»։ Օգտագործվում էին սարքավորումներ (դիադինամիկ հոսանքներ, մագնիտոթերապիա, ուլտրաձայն)։ Շարժողական վարժությունների, կինեզիթերապիայի և ռեաբիլիտացիոն թիմային մոտեցման դերակատարումը նվազագույն էր։ Անկախության առաջին տասնամյակներին (1990–2000-ականներ) տնտեսական դժվարությունները և առողջապահության համակարգի նորովի կայացման առաջին քայլերը բերեցին նրան, որ ֆիզիոթերապիայի ոլորտը գրեթե չզարգացավ։ Շատ սարքավորումներ հնացան կամ անգործության մատնվեցին։ Ժամանակակից փուլում (2010-ից հետո) սկսեցին ձևավորվել վերականգնողական կենտրոններ, մասնավոր կլինիկաներ, որոնք ներդնում են միջազգային փորձը։ Ֆիզիոթերապիան աստիճանաբար անցնում է ավելի ֆունկցիոնալ և ապացույցների վրա հիմնված մոտեցման։ Կենտրոնանում է շարժողական վարժությունների, օկուպացիոն թերապիայի, թիմային աշխատանքի վրա, մասնագետները վերապատրաստվում են արտերկրում։ 2020թ․-ի պատերազմից հետո ոլորտի կարիքը կտրուկ աճեց։

Այսօր Հայաստանում գործում են մի քանի վերականգնողական և ֆիզիոթերապիայի կենտրոններ։ Բժշկական համալսարանում և որոշ քոլեջներում կան կրթական ծրագրեր, աճում է միջազգային սերտիֆիկատներ ստանալու և նոր մեթոդներ ներդնելու միտումը։ Այնուամենայնիվ, համայնքային մակարդակում այս մեթոդի հասանելիությունը դեռ շատ ցածր է։

Ֆիզիոթերապիան լայն կիրառություն ունի բժշկության տարբեր ոլորտներում` օրթոպեդիայում և վնասվածքաբանությունում, նյարդաբանությունում, սրտաբանությունում և պուլմոնոլոգիայում, գաստրոէնտերոլոգիայում, գինեկոլոգիայում, մանկաբուժությունում, մաշկաբանությունում։

Ժամանակակից բժշկությունում օգտագործվում են ֆիզիոթերապիայի բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումները և առանձնահատկությունները` կինեզիթերապիա, մանուալ թերապիա, էլեկտրաթերապիա, հարված-ալիքային թերապիա, մագնիսաթերապիա, ջերմաթերապիա և կրիոթերապիա, հդրոթերապիա, բարոթերապիա և այլն:

Ֆիզիոթերապիայի մեթոդների ընտրության ժամանակ մասնագետի կողմից հաշվի են առնվում պացիենտի օրգանիզմի առանձնահատկությունները, նրա տարիքը, հակացուցումների առկայությունը։

Այս ոլորտում առկա հիմնական խնդիրները Հայաստանի համար կարելի է ներկայացնել հետևլյալ մի քանի ուղղություններով`

. Որակավորված մասնագետների պակաս

. Հասանելիության անհավասարություն

. Հին և ոչ արդիական սարքավորումների առկայություն

. Ֆիզիոթերապիայի մասին քիչ տեղեկացվածություն

Ֆիզիոթերապիան (ֆիզիկական թերապիան) այսօր բժշկության մեջ ունի առանցքային դեր, քանի որ այն ուղղված է ոչ միայն հիվանդությունների բուժմանը, այլև կանխարգելմանը, վերականգնմանը և կյանքի որակի բարձրացմանը։ Այսօրվա ֆիզիոթերապիայի հիմնական ուղղություններն են`

  1. Վերականգնում և ռեաբիլիտացիա

Վիրահատություններից հետո (օր.՝ օրթոպեդիկ, նյարդաբանական, սրտանոթային) ֆիզիոթերապիան օգնում է արագ վերականգնել շարժունակությունը։

Կաթվածի (ինսուլտի) կամ ողնաշարի վնասվածքների դեպքում նպաստում է նյարդամկանային համակարգի վերագործարկմանը։

  1. Ցավի վերահսկում

Օգտագործվում են տարբեր մեթոդներ՝ էլեկտրաթերապիա, ուլտրաձայն, լազեր, տաքացնող կամ սառեցնող պրոցեդուրաներ։

Օգնում է նվազեցնել քրոնիկ ցավը՝ առանց դեղորայքի մեծ քանակության կիրառման։

  1. Շարժողականության բարելավում

Օգնում է մարդկանց վերականգնել հոդերի, մկանների և կապանների ֆունկցիաները։

Նպաստում է ծերության ընթացքում շարժունակության պահպանմանը։

  1. Քրոնիկ հիվանդությունների կառավարում

Սրտային և թոքային հիվանդությունների ժամանակ կիրառվում է հատուկ վերականգնողական ծրագիր։

Օժանդակում է շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում՝ նպաստելով ֆիզիկական ակտիվության բարձրացմանը։

  1. Վնասվածքների կանխարգելում

Սպորտային բժշկության մեջ օգնում է մարզիկներին պատրաստել մկանները և հոդերը ծանրաբեռնվածությանը։

Կենցաղում՝ նվազեցնում է կրկնվող վնասվածքների ռիսկը։

  1. Հոգեսոմատիկ ազդեցություն

Ֆիզիոթերապիան դրական է ազդում ոչ միայն մարմնի, այլև հոգեկան առողջության վրա՝ նվազեցնելով սթրեսն ու անհանգստությունը։