Հայաստանի իրական եվրոպական օրակարգի ձևավորման համար չափազանց կարևոր է ազատվել պատրանքային Եվրոպայից. Հակոբ Բադալյան

«Հայ հանրությունը գտնվում է տարատեսակ հիբրիդային քարոզչության ուժգին ազդեցության գոտում, որտեղ հատկապես նշանակալի, բայց նաև հիմնավորապես մանիպուլյացիոն բնույթ ունի եվրոպական քարոզչությունը»,-համոզված է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Այս թեմաներն էապես առնչվում են մեզ, հարգելի հայրենակիցներ: Եվ մեզ առնչվում են ամենևին ոչ այն պատճառով միայն, որ գլոբալ պրոցեսների առանցքային դրվագներ են, որոնցում ներգրավվածծ խոշոր խաղացողները անմիջական ներգրավվածություն ունեն նաև մեզ վերաբերող հարցերում:

Այս թեմաները մեզ վերաբերելի են նաև նրանով, որ հայ հանրությունը գտնվում է տարատեսակ հիբրիդային քարոզչության ուժգին ազդեցության գոտում, որտեղ հատկապես նշանակալի, բայց նաև հիմնավորապես մանիպուլյացիոն բնույթ ունի եվրոպական քարոզչությունը: Մանիպուլյացիոն այն իմաստով, որ դրա միջոցով գերագնահատվում է, ուռճացվում են ԵՄ մոտիվացիան և կարողությունները, զրոյացվում են ԵՄ-ում եղած բազմաշերտ ու բազմիմաստ իրողությունները, ստեղծվում է Եվրամիության «փրկարար» պատկեր, որը խորքային առումով նենգափոխում է առաջին հերթին նաև հենց Հայաստանի իրական եվրոպական օրակարգը:

Հայաստանի իրական եվրոպական օրակարգի ձևավորման համար չափազանց կարևոր է ազատվել պատրանքային Եվրոպայից, որ մեզ մատուցվում է զանգվածային քարոզչությամբ; Որևհետև, հնարավոր չէ պատրանքի հետ կառուցել իրական օրակարգ: Իրական օրակարգ կարող ես կառուցել միայն նրա հետ, ում պատկերացնում ես իրական, ում իրական վիճակը պատկերացնում ես, հասկանում ես իրական մոտիվների և հնարավորությունների, նաև նրա մոտ եղած խնդիրների համակարգը: Հակառակ պարագայում, հայ-եվրոպական հարաբերությունն ու օրակարգը վերածվում է փուչիկի, որը փչում են թե եվրոպական, թե հայաստանյան առանձին խմբեր, բայց որը մի գեղեցիկ օր պայթելու է այնպես, ինչպես պայթեց հայ-ռուսական պատրանքային փուչիկը:

Իսկ այդ պարագայում, ավելի շատ դաղվում է նա, ով ավելի փոքր է:

Ահա թե ինչու, իրական եվրոպական օրակարգ կառուցելու համար պետք է ունենալ եվրոպական խնդիրների, բարդությունների, ԵՄ ներսում շահերի բախման ու բաժանարար գծերի վերաբերյալ ամբողջական պատկերացում, «երազախաբ» չլինելու համար»: