Լևոն Զուրաբյանը պահանջել է ՀՀ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պահանջել է ՀՀ Գլխավոր դատախազից քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կառավարությունում չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ» արտահայտության փաստի վերաբերյալ.
«ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 441.
Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
- Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով…
Նիկոլ Փաշինյանի սույն հայտարարությունը իր մեջ պարունակում է Քրեական օրենսգրքի 441 հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ: Առերևույթ հանցագործության կատարման փաստով պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազին ընդունել սույն գրառումը որպես հաղորդում ենթադրյալ հանցագործության կատարման մասին և նախաձեռնել փաստի վերաբերյալ քրեական վարույթ», – գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

