Արցախցին չի արտագաղթելու Հայաստանից, Արցախ վերադարձը լինելու է մեր բոլորի պայքարի գլխավոր նպատակը․ Ազատության հրապարակում ընթանում է արցախցիների հանրահավաքը
«Արցախ վերադարձը լինելու է մեր բոլորի պայքարի գլխավոր նպատակը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ասել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։
Նա նշել է, որ կառավարությունը սոցիալական ծրագրերում որոշ փոփոխություն իրականացրել է, բայց հայտարարել, որ տեղի են ունեցել լայնածավալ փոփոխություններ, աբսուրդ է։ «Այն բոլոր էական հարցերը, որոնք ներկայացրել ենք, անտեսվել են։ Իսկ կատարված փոփոխություններն էլ հիմնականում մասնակի ու կոսմետիկ բնույթ են կրում։ Այո, եթե թեկուզ մեկ արցախցու հարց լուծում է ստանում, դա մեզ համար արդեն արդյունք է։ Սակայն մեր պայքարը մեկ կամ երկու անհատի համար չէ, մենք պահանջում ենք համակարգված, ինստիտուցիոնալ լուծումներ տեղահանված ողջ ժողովրդի համար»,- հայտարարել է Մարգարյանը։
«Դրանից բացի, մենք պահանջում ենք, որ մեր վերադարձի իրավունքը հարգվի և հաշվի առնվի հակամարտության կարգավորման ջանքերում։ Դրան առնչվող մի շարք այլ պահանջներ հրապարակել ենք՝ գերիների վերադարձի, մեր սեփականության ու մշակութային ժառանգության պաշտպանության, միջազգային գանգատներից չհրաժարվելու, Մինսկի խմբի չլուծարման և մի շարք այլ թեմաներով»,- հավելել է նա։
Ապրես Մարգարյանը կոչով դիմել է հայրենակիցներին․ «Վաղը կարող է ուշ լինել»։
«Այսօր կանգնած ենք մեր պատմության ծանր շրջափուլի առաջ։ Մենք ժամանակավորապես կորցրել ենքԱրցախը, բայց չպետք է կորցնենք մեր ինքնությունը, մեր ձայնը եւ արժանապատվությունը։ Մենք լռելու իրավունք չունենք, լռել նշանակում է հաշտվել, իսկ մենք հաշտվելու բան չունենք։ Այսօր մեզ ուզում են տեսնել խեղճացած, հարմարված, բայց մենք դա չենք ուզում, քանի որ Հայաստանը մեր հայրենիքն է, և մենք իրավունքներ ու պարտականություններ ունենք այստեղ։ Այսօր պետք է մի բան հասկանանք՝ սա այլևս ժամանակ չէ հարմարվելու, սա ժամանակ է կանգնելու, միավորվելու եւ պահանջելու։ Եկեք մի կողմ դնենք հիասթափությունը, բաժանումը, միասնական ու վճռական ժողովրդին անտեսել հնարավոր չէ։ Այս պայքարը ոչ միայն մեր իրավունքների մասին է, այլ նաև մեր արժանապատվության։ Ու ես այս հարթակից ասում եմ՝ արցախցին չի արտագաղթելու Հայաստանից, Արցախը չենք մոռանալու, Արցախ վերադարձը լինելու է մեր բոլորի պայքարի գլխավոր նպատակը»,- նշել է Մարգարյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ այսօր նախատեսում էին նաև երթ իրականացնել, սակայն ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել խաղաղ երթի անցկացումը։ «Մենք հորդորում ենք ոստիկանությանը՝վերանայել իրենց որոշումը։ Մեր համոզմամբ՝ կես ժամը բավարար է, որպեսզի համապատասխանմարմինները վերանայեն իրենց որոշումը եւ թույլ տան իրականացնել մեր երթը դեպի Հանրապետության հրապարակ»,- հայտարարեց Մարգարյանը։

