Առգրավել են պատգամավորի հեռախոսը, արգելում են տեսակցել Տարոն Մանուկյանին
Այսօր վաղ առավոտից ուժային կառույցները խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ անդամների տներում։ ԱԱԾ ծառայողները մտել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տուն՝ դատարանի որոշմամբ:
-Որդուս փաստացի բնակության վայրը՝ տունը խուզարկելու: Արդեն տեղեկացանք, որ առավոտից մեր երիտասարդների տները խուզարկում են: Ցանկանում էին առգրավել հեռախոսս, բացատրեցի՝ Ազգային ժողովի պատգամավորի անձնական իր է, իրավունք չունեն: Դատարանի որոշման մեջ էլ չկար դրա մասին հիշատակում, միայն որդուս՝ Տարոնի հեռախոսի մասին էր: Խուզարկությունն ավարտվեց, տարան «Երկիր Մեդիայի» կասետներից, որի վրա իրենք էլ կարդացին, որ գրված էր կնունք, համակարգիչներից մեկը տարան, Տարոնի հեռախոսը: Զննություն արեցին հեռախոսս, վերջին պահին հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական իշխանական շրջանակներով փորձում են թիրախավորել: Առանց տեսախցիկների հրավիրեցին բալկոն զրուցելու, փորձեցին բռնի ուժով վերցնել: Մի քիչ էլ ձեռքս վնասվեց: Փորձեցի թույլ չտալ, ուղղակի շատ էին: Հեռախոսս առգրավվեցին:
Վերջին պահին էլ հայտարարեցին, որ Տարոնը ձերբակալված է: Գիտեմ՝ մեր ընկերներից, երիտասարդներից շատերին ձերբակալել են: Հերթական քաղաքական պատվերն է, հերթական քաղաքական հետապնդումն է,- պատմել է Գեղամ Մանուկյանը:
«Ոչ միայն ապօրինաբար ձերբակալել են Տարոն Մանուկյանին, այլև այս պահին արգելում են նրան տեսակցել։ Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե ենթադրյալ քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչու է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը»,– հավելել է նա։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել Ազգային Ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի բնակարաններում։ ԱԱԾ-ն նաև առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել է։ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանին էլ բերման են ենթարկել։

