Հեռո՛ւ մնացեք Եկեղեցու դեմ հարձակվողների հրամանները կատարելուց. Տեր Ահարոն քահանա (տեսանյութ)

Սիրելի ուժայիններ, հեռու մնացեք Եկեղեցու դեմ հարձակվողների հրամանները կատարելուց։ Այս մասին իր տեսաուղերձում նշել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ուժային կառույցում աշխատող սիրելի հայեր, մի գեղեցիկ բան պիտի պատմեմ ձեզ, եղած բան, մեր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսահոգի մոմավաճառն է պատմում։ Ասում էր՝ երեխաները խաղում էին եկեղեցու բակում և նրանցից մեկը չիշիկ արեց եկեղեցու պատին։ Երբ մոտենում է, ասում է՝ ի՞նչ ես անում, չի կարելի, ասում է՝ ի՞նչ պիտի լինի։

Երբ հասնում է տուն, ինսուլտ է խփում երեխային։ Հայրը լսելով, ուխտ է անում, որ յոթ տեղ մատաղ պիտի անի, վեց տեղ գնում մատաղ է անում, արդեն գառը պատրաստում է յոթերորդ տեղը, որպեսզի գնա, գիշերը մի լուսավոր մարդ է գալիս երազին ու ասում է՝ մի արա, որովհետև Աստված չի ընդունում քո արած մատաղը։ Այսպես յոթ տարի տանջվեց ու մահացավ:

Ահա, հիշեք, որ նմանկերպ եք հիմա դուք վարվելու, եթե կատարեք ապօրինի հրամաններ: Եվ անշուշտ ցանկացած մեղք ունի հետևանք և այս մեղքն էլ չպիտի մնա անհետևանք:

Եվ վերջում մի բան ասեմ, որ հենց մեզ հետ է եղել։ Լեռնաշենի եկեղեցին խոնարհվել էր։ Մենք գնացինք այնտեղ նախկին առաջնորդի հետ։ Մի մեջքակոր տատիկ եկավ, մեր փեշերն էր համբուրում։ Մենք զարմացանք, ասինք՝ տատիկ ի՞նչ ես անում։ Ասեց՝ այստեղի քահանային աքսորել էին։ Դերձակը վերցրեց ու քահանայի հագուստի թևերից կտրեց ու կարկատան արեց։ Ասում էր ոչ պատերազմ կա, ոչ բան կա, երազին գալիս է մի սպիտակ մարդ, ասում էր՝ ինչու իմ թևերը կտրեցիր, դու կպատժվես։ Եվ այդ մարդուն տանում են Հայրենական մեծ պատերազմի, երկու ամիս հետո գալիս է թևերը կտրած։ Ասում էր՝ որտեղից այդ քահանայի հագուստը կտրեցի, թևերի կողմից, այնպես էլ Աստված իմ թևերը կտրեց։

Հետևաբար, զգուշացեք, զգոնության կոչ եմ անում, հեռու մնացեք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առհասարակ եկեղեցու դեմ հարձակվողների հրամանները կատարելուց։ Դուք արդեն գիտեք, որ Աստծո տան դեմ և Աստծո օծյալի դեմ ցանկացած նկրտում, ցանկացած չարություն չպիտի մնա անպատիժ։

Հիշեցնեմ, որ երկրի գլխավոր հրեշի ուղղաթիռում Սյունիքի և Վայոց ձորի քարտեզները առհասարակ թուրքական անուններով են և պատահական չէ, որ նա թույլ տվեց, որպեսզի հրապարակեն։ Սա ևս մեկ հաղորդագրություն է մի մարդու կողմից, որը սիմվոլիկաներով հանձնեց Արցախ աշխարհը, որը Նժդեհի մահվան օրը եկավ Սյունիք։ Ահա պիտի խնդրեմ, զգոն եղեք, որպեսզի պատուհասի չենթարկվեք։ Թող Աստված պահապան լինի ձեզ և իմաստություն տա, որպեսզի ճշմարտությամբ գործեք։ Ամեն»։