Երեկ հայ հոգևորականությունը ցույց տվեց իր բարձր առաքինությունը

Երեկ հայ ազգի հոգևորականությունը աշխարհին ցուցադրեց իր բարձր առաքինությունը` նվիրվածություն ժողովրդին ու հայրենիքին, խիզախություն, իմաստնություն և պայքարելու կամք արդարության ու Հայաստանի լինելիության համար։ Ժողովուրդն էլ արժանապատվորեն տեր կանգնեց իր հոգևորականությանը, հասկանալով, որ թերևս եկեղեցին ու հոգևորականությունը չապականված, չայլասերված բարոյական վերջին կղզյակն են, հենասյունն են, որ ի զորու են պահպանել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունն ու ինքնությունը, այն դեպքում, երբ ապազգային են երկրի իշխանությունները, ամայացված ու ապականված է քաղաքական դաշտը, խղճուկ ու երկչոտ վիճակում է մտավորականությունը։ Ցավոք մեզանից շատերը մինչև հիմա չեն գիտակցել եկեղեցու կարևոր դերը ազգային արժեքների, սովորույթների, հայկականության ու պետականության պահպանման գործում և հոգևորականին, եկեղեցականին ընկալել են շատ պարզունակ ձևով, որպես` կնունքներ, պսակադրություններ ու մեռելներ օծողների։

Մինչդեռ եկեղեցին ամենահամազգային կառույցն է, որը ներկայացված է իր կառուցներով 35 երկրներում և կարևոր դերակատարություն ունի ազգի համերաշխության առաքինության ու միասնության, սփյուռքի հետ կապերի պահպանման, հայի ինքնության, հոգևոր արժեքների, հայապահպանության ապահովման, բարոյական դաստիարակության, դարերով ձևավորված ազգային արժեքների ու սովորույթների, ավանդական հայկական ընտանիքի, հասարակության ու պետության կայունության ապահովման գործում, աղանդների, հանրության մեջ բացասական երևույթների ու դրսևորումների նկատմամբ պայքարի գործում։ Չնայած վերապահված այսքան կարևոր ու ծավալուն պարտականություններին, եկեղեցին պատշաճ ներկայացված չէ հանրային-պետական շրջանակներում և օրենքով օժտված չէ համապատասխան անհրաժեշտ լիազորություններով իր ազգային-բարոյական գործառույթնները իրականացնելու համար։ Չէ՞ որ եկեղեցու շնորհիվ, պետականության բացակայության պայմաններում ավելի լավ են պահպանվել ազգային արժեքները, սովորույթները, լեզուն և բարոյական կերպարն ու նորմերը, քան թե պետականության առկայության վերջին 34 տարիներին։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ եկեղեցին ավելի մեծ հեղինակություն է հանրության համար, քան` պետությունն իր ահռելի լծակներով ու կառույցներով։ Սա նշանակում է, որ եկեղեցին ժողովրդի աչքում ամենաչապականված, վստահություն վայելող ու հավատ ներշնչող կառույցն է։ Ոչ պատահականորեն այսօր էլ հանրությունը եկեղեցու հեղինակության հետ է նախևառաջ կապում նաև իր փրկությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ պետք է նվազեցնել պետության դերը։ Պարզապես եկեղեցին պետք է ներկայացված լինի պետական և հանրային կառույցներում ու գործերում այնքանով, որքանով վայելում է հանրության վստահությունը, որքանուվ հասարակությունը նրա առջև առաքելությություն ու ազգի բարոյական կերպարի կերտման, ազգային արժեքների պահպանության և պետականության ու ազգային ինքնության պահպանման պահանջներ ու խնդիր է դնում։

Տնտեսագետ Հայկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը