Թուրքական կողմը առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել էր» հենց օդանավակայանում. քաղաքական վերլուծաբան

«Առաջինը, որ հնարավոր է արձանագրել Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի առնչությամբ այն է, որ թուրքական կողմը նրա համար առաջին այսպես ասած բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, ապա  շարունակում է.

«Նիկոլ Փաշինյանի այցը ուներ աշխատանքային ձևաչափ: Իսկ աշխատանքային ձևաչափի պարագայում բոլորովին պարտադիր չէ, ըստ էության ամենևին պարտադիր չէ դիմավորման ընթացքում զինվորական պատվո պահակախմբի ներկայություն: Բայց, թուրքական կողմը ապահովել էր այդ ներկայությունը, թերևս նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ողջունի թուրք զինվորներին:

Իհարկե չկար թուրքական դրոշը, ինչը թույլ էր տալիս Փաշինյանին ազատվել այն պատվի առնելու անհրաժեշտությունից, ինչը պետությունների ղեկավարները անում են դրոշի առաջ խոնարհվելու միջոցով»։