«Կրթվելը նորաձև է» արշավի համար ծախսված գումարը պետական գաղտնիք է՝ պատասխանել են Կառավարությունից

Հունիսի 6-ին ԱԺ-ում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով։

Panorama.am-ը կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվել է՝ երբվանի՞ց է արշավն իրականացվում պետական բյուջեի միջոցներով, իրավական ի՞նչ հիմքով, մինչև 2025թ.  հունիսի 9-ը որքա՞ն գումար է ծախսվել արշավի իրականացման համար։

Խնդրել էինք նաև տրամադրել ծախսերի բացվածքը. մասնավորապես ընդհանուր գումարից ինչքա՞ն է  ծախսվել  դահլիճներ վարձակալելու, գիշերակացի, տրանսպորտի ծախսերի, նյութերի պատրաստման և այլնի համար։
Ի պատասխան կառավարությունից հայտնեցին, որ արշավի շրջանակում միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։

Կառավարությունից հավելել են, որ միայն Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումներն են ֆինանսավորվում ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից։