Իրանի դեմ Իսրայելի հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, շուրջ 1,500-ը վիրավորվել է իսրայելական հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։

Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արտգործնախարարության շենքին, ինչի հետևանքով կան տուժածներ, այդ թվում՝ դիվանագետներ։

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Իրանում գտնվող ԻՀՊԿ «Ղոդս» ուժերին պատկանող հրամանատարական կենտրոններին։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։